Նախագահների հանդիպումը կդառնա անիմաստ, եթե Սոչիում հնարավոր չլինի հասնել հրադադարի պահպանման գործուն մեխանիզմների՝ փաստաթղթով, կամ առանց դրա, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը։
«Ասենք, ինչի մասին միշտ շատ խոսվում է՝ դիպուկահարների դուրսբերում և լարվածության թուլացում․ որոշակի պայմանավորվածություն՝ հարգելու հրադադարի ռեժիմը», - մանրամասնեց նա:
«Բարգավաճ Հայաստանից» Ստեփան Մարգարյանի և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի տեսակետները համընկնում են՝ գլխավորը պետք է դառնա հրադադարի ամրապնդումը։
«Բնական եմ համարում, որ շեշտը պետք է դրվի անվտանգության միջոցառումների վրա, զինադադարի ռեժիմի պահպանման վրա: Տեր-Պետրոսյանը վերջին իր հարցազրույցում շատ հստակ քննադատեց իշխանություններին ֆրոնտում համարժեք պատասխան չտալու համար: Ինչ-որ իմաստով, կարելի է ասել, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ հիմա ինչ-որ ադեկվատ գործողություններ արվում են և դա լավ է, և դա նպաստելու է զինադադարի ամրապնդմանը», - ասաց Զուրաբյանը ու հավելեց, թե՝ ադրբեջանցիների գայթակղությունը զսպել է պետք։
«Այսօր մենք պետք է հասկանանք, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել նաև ամբողջ աշխարհում, Ադրբեջանը կարող է նաև ինչ-որ գայթակղություններ ունենա՝ համարենք, որ Ռուսաստանը, որը Հայաստանի ստրատեգիական դաշնակիցն է, զբաղված է Ուկրաինայում, կարող է թույլ տալ իրեն որոշակի գործողություններ ռազմաճակատում: Փառք Աստծո, մեր բանակի գործողությունները, մեր զինվորների քաջությունը, մարտական պատրաստականությունը և մեր քաղաքական վերնախավի արձագանքը սթափեցնող պետք է լինեն Ադրբեջանի համար: Հիմա պետք է այս վիճակից օգտվել և զինադադարը ամրապնդել», - հավելեց նա:
Մեկնաբանելով Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարությունը՝ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարն ասաց՝ դրա իմաստը ցույց տալն էր՝ արտաքին ռազմական վտանգի առաջ միասնական են։ Ի դեպ, այդ հայտարարությունը ստորագրած ԱԺ-ի ոչ իշխանական բոլոր ուժերը հայտարարում են, թե իշխանությունների հասցեին քննադատությունն ուժի մեջ է։
«Ուզում եմ բերել Իսրայելի օրինակը: Իսրայելի բանակի հզորությանը ոչ ոք չի կասկածում, Իսրայելի միասնականությանը՝ որևէ արտաքին վտանգ ետ մղելու, ոչ ոք չի կասկածում, ինչը չի բացառում կատաղի ներքին քաղաքական պայքար տարբեր քաղաքական ուժերի: Դա հատուկ կուլտուրա է, որը մենք իսկապես միգուցե պետք է անգամ սովորենք Իսրայելից», - մեկնաբանեց Լևոն Զուրաբյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը ողջունեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը։
«Ավելի լավ է հանդիպել, ստանդարտ նախադասություններ փոխանակել, քան՝ իրավիճակը լարել»,- ասաց նա։ Մեծ սպասելիք, սակայն, Հակոբյանն այդ հանդիպումից չուներ, - «Այսպես ասած՝ արարողակարգային ձևակերպումներ կլինեն, որ պետք է խաղաղ բանակցությունների արդյունքում լուծվի, որ պետք է հանդուրժող լինենք, որ պետք է ժողովրդին տրամադրենք ոչ թե թշնամաբար միմյանց նկատմամբ, այլ որոշակի հարթություն ստեղծել հանդուրժողականության, և չեմ կարծում որ ինչ-որ լուրջ, նոր արձանագրումներ կլինեն»:
Նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խոսի հասարակության հետ, համոզված է ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը․ - «Ես կարծում եմ՝ ոչ միայն քաղաքական ուժերի․․․ ես կարծում եմ՝ նախագահը պետք է խոսեր հասարակության համար, ուղերձ հասարակությանը, ժողովրդին: Դա պիտի աներ, որովհետև որևէ մեկը այսօր չի կարող որևէ հստակ բան ասել, բացի Հանրապետության նախագահից, որովհետև նա է տիրապետում ամբողջ տեղեկատվությանը: Ես կարծում եմ, որ նույնիսկ այն գործընթացը, որ չգիտեմ՝ սահմանադրական փոփոխություններ, չգիտեմ ինչ, բոլորովին ադեկվատ չեն հիմա այս իրավիճակի հետ»:
Ստեփան Մարգարյանը անտրամաբանական է համարում ռուս խաղաղապահների տեղակայումը հայ-ադրբեջանական շփման գծում։ Կարծում է՝ Ռուսաստանն էլ նման ծրագրեր չունի։ Որոշ նախկին պաշտոնյաների կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը հրահրում է Ռուսաստանը՝ սահմանապահներ տեղակայելու հող նախապատրաստելու համար։
«Բանակցությունների սեղանին այդ հարցը, ես կարծում եմ, որ չկա, որովհետև տրամաբանությունը չի երևում դրա: Համարում եմ, որ այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, դա որոշակի շանտաժ է միջազգային հանրության վրա, ըստ երևույթին, ինչ-որ խնդիրներ ունի ինքը քաղաքական դիվիդենտներ շահելու [...]: Որոշակի երևի ակնկալիքներ ունի հարցեր լուծելու և դրանով ինքը փորձում է ճնշումներ գործադրել լարվածությունը մեծացնելով հայ-ադրբեջանական սահմանին», - եզրակացնում է Ստեփան Մարգարյանը: