Մատչելիության հղումներ

«Առաջնագծում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ պետք է կասեցվի»


«Առաջնագծում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ պետք է կասեցվի»
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ հակառակորդի կողմից առաջնագծում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ պետք է կասեցվի, փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը:

Բակո Սահակյանը միաժամանակ նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը եղել է և շարունակում է մնալ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: Այս մասին նախագահ Սահակյանը խոսել է երեկ Ստեփանակերտում՝ նախագահի նստավայրում Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ընթացքում:

Աղբյուրը նշում է նաև, որ լսելով պաշտպանության նախարարի զեկույցը իրականացված գործողությունների, ներկայումս տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ՝ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել Պաշտպանության բանակի հրամկազմին:

Վերջին երկու օրերին արդեն ԼՂ սահմանագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր: Որոշ ուղղություններում երկու գիշերվա ընթացքում կրակոցներ գրեթե չեն եղել, «Ազատության» հետ զրույցում ասաց Ղարաբաղի կառավարության խոսնակ Արտակ Բեգլարյանը, ով այսօր առավոտյան է վերադարձել առաջնագծից:

«Որքան հասկանում ենք, երկու օր է բավականին հանդարտ է վիճակը, միակ միջադեպը երեկ էր, երբ դիպուկահարի գնդակից զոհվեց մեր զինվորականը: Պայքարը հիմա ավելի շատ գնում է քարոզչական դաշտում»,- փոխանցեց Բեգլարյանը:

Սահմանային կտրուկ լարվածությունը Ղարաբաղում, այդուհանդերձ, որոշակի անհանգստություն էր առաջացրել: Մարդիկ ասում են, որ թեև կրակոցները վաղուց արդեն սովորական են իրենց համար, բայց և այնպես պատերազմը անթույլատրելի պետք է լինի երկու կողմերի համար էլ:

Ղարաբաղում կարծում են, որ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը կարող է նպաստել միայն սահմանային այս կտրուկ լարվածության կարճատև հանդարտեցմանը:

«Բնականաբար, այս ֆոնին գլխավոր սպասելիքը լարված իրադրության հանդարտեցումն է, սա` կարճաժամկետ, իսկ երկարաժամկետ հույսեր չկան, քանի որ անցյալը հուշում է` այսպիսի հանդիպումները վճռորոշ բան չեն կարող փոխել կոնֆլիկտի մեջ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը, ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործում և նաև վերջերս ագրեսիվ ռազմական վարք է դրսևորում: Այնուամենայնիվ, ցանկացած հանդիպում, հատկապես նախագահների մակարդակով բավականին ողջունելի է»,- փոխանցեց Ղարաբաղի կառավարության խոսնակը:

XS
SM
MD
LG