Մատչելիության հղումներ

Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա․ Օհանյան


Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա․ Օհանյան
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ հայկական Զինված ուժերը ի վիճակի են ինքնուրույն ապահովել անվտանգությունը Ղարաբաղում:

Այսպիսի հայտարարություն գեներալ-գնդապետ Օհանյանն արեց այսօր՝ Պաշտպանության նախարարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ:

Հայ - ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողությունների ֆոնին կարծիքներ հնչեցին, թե Ռուսաստանը փորձելու է օգտագործել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու համար, և այսօր լրագրողներից մեկը հետաքրքրվեց նախարարից, թե արդյոք կարիք կա՞ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայել:

Սեյրան Օհանյանը նախ ասաց, որ աշխարհի հակամարտությունների շարքում Լեռնային Ղարաբաղը միակ վայրն է, ուր առանց երրորդ կողմի պահպանվում է հարաբերական զինադադարը:

«Ճիշտ է, իրավիճակը մենք մշտապես գնահատում ենք որպես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ, որովհետև հակառակորդի կողմից մշտապես խախտվում են հրադադարի պայմանները, բայց մեր ստորաբաժանումների պատրաստության շնորհիվ մենք պահպանում ենք այդ իրավիճակը: Ասել է թե՝ այդ ուժերի հավասարակշռության մասին երբ որ մենք խոսում ենք, միանգամից կարելի է եզրակացություն անել, թե ինչ նշանակություն ունի քանակը կամ որակական պատրաստությունը: Այդ առումով մենք մեր առջև դրված խնդիրները ինքնուրույն կարող ենք լուծել, և խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա», - հայտարարեց պաշտպանության նախարարը:

Օհանյանն անդրադարձավ օգոստոսի 8-ից 9-ը Սոչիում սպասվող Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը՝ ասելով․ - «Կարծում եմ, որ յուրաքանչյուր այսպիսի հանդիպում նախ և առաջ հնարավորություն կտա բանակցելու, երկխոսություն ստեղծելու, եթե հնարավոր է՝ նաև կառուցողական հիմք տալու բանակցային ողջ գործընթացին: Բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությունն է միայն այն պայմանը, որի ընթացքում մենք կարող ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որը նաև համապատասխան ընթացք կտա խաղաղ և քաղաքական լուծման ընթացքում»:

«Մինչև հանդիպումը հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել, և հանդիպումից հետո ակնկալել լիարժեք խաղաղություն՝ քիչ հավանական է»,- ասաց Օհանյանը:

Նախարարի ներկայացմամբ՝ վերջին օրերին հայկական կողմը, ընդհանուր առմամբ, տվել է 6 զոհ, ադրբեջանականը՝ առնվազն ութ անգամ ավելի:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ չնայած վերջին տարիներին Բաքվի կողմից մեծաքանակ սպառազինության ձեռքբերմանը, իրականացվող քարոզչությանը, օգոստոսյան բախումները ապացուցեցին, որ հայկական զինված ուժերն ավելի մարտունակ են:

Բարոյական աջակցություն

Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, սակայն վերջին մարտական գործողություններից ի վեր այդ կազմակերպությունը հրապարակային որևէ քայլ չարեց, որևէ հայտարարություն չհնչեցրեց՝ ի աջակցություն Հայաստանի:

Նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք շփումներ եղե՞լ են կազմակերպության պատասխանատուների հետ, և ի՞նչ ակնկալիքներ կան ՀԱՊԿ-ից:

«ՀԱՊԿ-ի գործընկերների հետ շփումներ լինում են իմ և գլխավոր շտաբի պետի կողմից: Այս պահին ես չէի ուզի մանրամասնել, որովհետև նրանք բոլորն էլ արտահայտում են իրենց մտահոգությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բարոյական աջակցություն են արտահայտում և փորձում են ազդել և՛ մեր, և՛ հակառակորդի վրա, որպեսզի այս լարվածությունը իջեցնեն», - ասաց նախարար Օհանյանը:

Պաշտպանության նախարարը միաժամանակ հավելեց, որ ստեղծված իրավիճակը «այն իրավիճակը չէ, որպեսզի դիմենք ՀԱՊԿ-ի աջակցությանը»:

«Այդ աջակցությանը մենք կարող ենք դիմել այն ժամանակ, երբ լայնամասշտաբ մարտական գործողություններ կընթանան, և մենք վտանգ կզգանք Հայաստանի անվտանգության ապահովման [համար]», - ասաց նա:

Ռազմատեխնիկական համագործակցություն Լեհաստանի հետ

Անցած տարվա դեկտեմբերին «Ազատությանը» հայտնի դարձավ, որ լեհական ընկերություններից մեկը արդիականացնում է Հայաստանի զինված ուժերի Т-72 տեսակի տանկերը: Ավելի ուշ Մոսկվայում գործող «Սպառազինության համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» (Центр анализа мировой торговли оружием) հաղորդեց, որ լեհական «Բումար լաբեդի» (Bumar Łabędy) ընկերությունում է ընթանում հայկական Т-72 տեսակի թվով 84 տանկերի արդիականացումը:

Այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը:

Օհանյանին այսօր հարցրին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է լեհական այդ ընկերության հետ պայմանավորվածության մասին տեղեկությունը:

Նախարարը նախ ասաց, որ գործընկեր երկրների ու Ռուսաստանի հետ զարգացող ռազմատեխնիկական համագործակցությունը հնարավորություն է տալիս հայկական զինված ուժերը «լայն կերպով համալրել ժամանակակից սպառազինությամբ» և այդ ոլորտում ստեղծել համատեղ ձեռնարկություններ ու հավելեց․ - «Այդպիսի ձեռնարկություն ստեղծել ենք նաև Լեհաստանի հետ, որը հնարավորություն է տալու, որպեսզի մենք երկկողմ համապատասխան միջոցառումներով և՛ նոր միջոցներ ձեռք բերենք, և՛ արդիականացնենք այն միջոցները, որոնք մենք ունենք, որոնք մեզ են հասել Խորհրդային Միության փլուզումից հետո»:

Պատժամիջոցները չեն ազդում

Պաշտպանության նախարարին նաև հարց ուղղվեց այն մասին, թե արդյոք հանրավոր է, որ ռազմաարդյունաբերության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները ազդեն հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա․ - «Այժմ այդ համագործակցությունը բարձր հիմքերի վրա է գտնվում, և մենք չենք տեսնում, որ այն կարող է խախտվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG