Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի քվեարկությանն ընդառաջ՝ Մոսկվան դիմել է սպառնալիքների


Ռուսաստանը փորձել է սպառնալիքների միջոցով ստիպել Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների դեմ քվեարկել Ուկրաինայի հարցով բանաձևին:

Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հիշեցնելով, որ մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության դրված բանաձևը անօրինական է ճանաչում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն, ինչի հետևանքով թերակղզին անջատվեց Ուկրաինայից և միացավ Ռուսաստանին:

«Ռուսաստանի սպառնալիքները բացահայտվեցին այն բանից հետո, երբ Մոսկվան մեղադրեց արևմտյան երկրներին «անամոթ ճնշում, անգամ՝ քաղաքական շանտաժ և տնտեսական սպառնալիքներ» կիրառելու մեջ, նպատակ ունենալով հարկադրել ՄԱԿ-ի 193 անդամ պետություններին միանալ Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ պարտադիր ուժ չունեցող բանաձևին»,- փոխանցում է Reuters-ը՝ հավելելով․ - «ՄԱԿ-ում աշխատող դիվանագետների հետ զրույցների համաձայն (որոնց մեծ մասը նախընտրեց չհրապարակել իր անունը՝ Մոսկվային զայրացնելու մտավախությունից ելնելով), Ռուսաստանի թիրախների թվում էին Մոլդովան, Ղրղըզստանը, Տաջիկստանը, ինչպես նաև աֆրիկյան մի շարք երկրներ»:

Լրատվական գործակալությունը շարունակում է․ - «Ըստ այդ դիվանագետների, Ռուսաստանի սպառնալիքները հստակ չէին: Բայց նրանք ասացին, որ նախազգուշացումների հասցեատերերին պարզ էր՝ բանաձևին պետք չէ աջակցել, քանի որ պատասխան միջոցները կարող են ներառել այնպիսի քայլեր, ինչպիսիք են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածների արտաքսումը, Ռուսաստանից բնական գազի մատակարարման դադարեցումը կամ Ռուսաստան որոշակի ապրանքների արտահանման արգելումը, ինչը այդ երկրների համար տնտեսական խնդիրներ կառաջացնի»:

Reuters-ը նաև ներկայացնում է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչության խոսնակի բառերը․ - «Մենք երբեք որևէ մեկին չենք սպառնացել: Մենք ուղղակի բացատրել ենք իրավիճակը»:

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցով բանաձևին կողմ քվեարկեց 100 երկիր, դեմ՝ 11 (այդ թվում՝ Հայաստանը), ձեռնպահ՝ 58, քվեարկությանը չմասնակցեց 24 պետություն: Բանաձևը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։
XS
SM
MD
LG