Մատչելիության հղումներ

Նախկին արտգործնախարարը «խայտառակություն» է որակում Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ում


Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում, ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է կորցնել իր ինքնիշխանությունը:

Երեկ, ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։

Հատկանշական է, որ թեև ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան «Ազատության»-ն ասել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու, սակայն երեկ մեր երկիրը պաշտպանեց Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի դեմ։

Հայաստանը հայտնվեց այն երկրների շարքում, որոնք աջակցեցին Ռուսաստանին՝ դեմ քվեարկելով նշված բանաձևին: Այդ երկրներից են՝ բռնապետական վարչակազմերով հայտնի Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն:

«Եթե սեպտեմբերից հետո արդեն իսկ կասկածներ կային, երեկվա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մեր քվեարկությունը դա մեր ամոթն է ազգային: Դա խայտառակություն է: Մեր անկախ պետականության պատմության ընթացքում նման բան չի եղել: Այսինքն՝ մենք նման ստրուկի կարգավիճակով երբևէ հանդես չենք եկել», - ասաց նախկին արտգործնախարարը:

Արզումանյանը, ով հինգ տարի ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանը, ասաց, թե մեր երկիրը ոչ միայն կարող էր ձեռնպահ քվեարկել, այլև կարող էր ընդհանրապես չքվեարկել:

Օրինակ, Մաքսային միության անդամ Ղազախստանը ձեռնպահ քվեարկեց, իսկ ՀԱՊԿ անդամ Ղրղըզստանն ու Տաջիկստանը չմասնակցեցին քվեարկությանը: Հայաստանի հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը կողմ քվեարկեցին: Հետխորհրդային երկրներից դեմ են քվեարկեցին (բնականաբար, Ռուսաստանից բացի) միայն Բելառուսն ու Հայաստանը:

«Ո՞ւր ենք գնում մենք․․․ 22 տարի մեզ մշտապես հրամցնում են, որ մեզ անկախություն են տվել, որ մենք անկախություն չենք նվաճել․ Սովետ էր, քանդվեց․․․ Ոչ: Մենք զոհեր ենք տվել: Մենք Ղարաբաղում առաջին երկուևկես տարին պատերազմել ենք ռուսական բանակի դեմ: Ո՞վ էր «Կոլցո» օպերացիան անում․․․ Դա սովետական բանակն էր», - նշեց Արզումանյանը:

«Այս քվեարկությամբ Հայաստանը շարունակեց իր դիվանագիտական մեկուսացումը՝ իր ճակատագիրը ամբողջովին հանձնելով Ռուսաստանին», - «Ազատությանը» փոխանցեց Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ շարունակելով․ - «Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է շատ վաղուցվանից: Վտանգված է սեպտեմբերի 3-ից, երբ որ մեզ չեն տվել Մաքսային միության մեջ մեր ինքնիշխանության երաշխիքներ: Բոլորը հասկանում են, որ Հայաստանի ինքիշխանության վերացման ամենակարճ ճանապարհը միջազգային հանրությունից նրան մեկուսացնելն է, ինչը և Ռուսաստանը հաջողությամբ անում է»:

«Միացյալ Նահանգները ամբողջապես աջակցում է երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում երեկ քվերակված բանաձևը»,- այսօր Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում լրագրողներին փոխանցեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Հարցին, թե ի՞նչ ազդեցությունը կունենա Հայաստանի երեկվա քվերակությունը հայ-ամերիկյան հարաբերություններիօ վրա, Հեֆերնը պատասխանեց․ - «Մենք սերտորեն խորհրդակցել ենք Հայաստանի հետ բոլոր հարցերի շուրջ և շարունակելու ենք խոսել հայկական կողմի հետ այս և այլ հարցերի վերաբերյալ»:
XS
SM
MD
LG