Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը ընդունեց Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձև


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի քվեարկության արդյունքները, Նյու Յորք, 27-ը մարտի, 2014 թ․
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի քվեարկության արդյունքները, Նյու Յորք, 27-ը մարտի, 2014 թ․

Ռուսաստանի դեսպանը իր երկրի «բարոյական և քաղաքական հաղթանակ» է որակում Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքները:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ում Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին:

Բանաձևին դեմ քվեարկեցին 11 երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն: 58 երկրներ ձեռնպահ էին, այդ թվում՝ Չինաստանը: 100-ը կողմ քվեարկեցին, և բանաձևը ընդունվեց:

«Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների և իրավունքների, ներառյալ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ և սկզբունքներ, որոնք ընդունված են այս Համաժողովի կողմից», - Գլխավոր ասամբլեայում քվեարկությունից առաջ հանդես գալով մեկնաբանությամբ՝ հայտարարեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը։

Ադրբեջանը, կողմ քվեարկելով բանաձևին, հայտարարեց, թե «Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղը ներկայումս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»:

ԱՊՀ-ի երկրներից Մոլդովան կողմ քվեարկեց, ձեռնպահ մնացին Ղազախստանը և Ուզբեկստանը, իսկ Ղրղըզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը չմասնակցեցին քվեարկությանը:

Ընդունված փաստաթուղթը ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, տարածքային ամբողջականությունը՝ միջազգային ճանաչված սահմաններով, կոչ է անում չընդունել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի որևէ փոփոխություն և իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով:

Քվեարկությունից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, թե արդյունքը Ռուսաստանի համար դրական է: «Մենք բարոյական և քաղաքական հաղթանակ տարանք: Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ միջազգային ասպարեզում Ռուսաստանը մեկուսացված չէ», - ասել է Չուրկինը լրագրողներին:

Մինչ քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հինգշաբթի օրը ծավալված քննարկումների ընթացքում Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցյան հայտարարեց, որ Ռուսաստանի գործողությունների պատճառով խախտվել է միջազգային անվտանգությունը: «Ես համոզված եմ, որ այսօրվա հաստատակամ քվեարկությունը կօգնի կանխել հետագա ագրեսիվ գործողությունները», - ասաց նա՝ ակնկալելով, որ բանաձևը կընդունվի:

Դեշիցյայից հետո ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը: Վիտալի Չուրկինը հայտարարեց, որ Ղրիմը միշտ էլ, դարերով, պատմականորեն Ռուսաստանի մաս է կազմել, և միայն 1954 թվականին նախկին ԽՍՀՄ-ի ղեկավար Խրուշչովի կամայական որոշմամբ Ղրիմը և Սևաստոպոլը փոխանցվել են Ուկրաինային: «Ռուսաստանը դեմ է բանաձևին, քանի որ այն կասկածի տակ է դնում Ղրիմի հանրաքվեի արդյունքները», - նշեց ռուսաստանցի դիվանագետը՝ վստահեցնելով, որ հանրաքվեն արդեն խաղացել է իր պատմական դերը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Միացյալ Նահանգները և Եվրամիությունը իրենց աջակցությունն են հայտնել բանաձևին:

ՄԱԿ-ում Եվրամիության դեսպան Թոմաս Մայ-Հարթինգը իր ելույթում դատապարտեց ուժ կիրառելու միջոցով սահմանները վերաձևելու Ռուսաստանի փորձերը՝ նշելով, որ այդ գործողությունները ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում են: Դեսպանը Եվրամիության աներկբա աջակցությունը հայտնեց Ուկրաինային:

Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտարարեց, որ Ղրիմը Ուկրաինայի մաս է: «Ուկրաինան արդարացիորեն մեզ է դիմում՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, չընդունելու Ռուսաստանի ռազմական ճնշմամբ ստեղծված ստատուս քվոն», - ասաց նա:

Ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Գլխավոր ասամբլեայում ընդունված որոշումների վրա հնարավոր չէ վետո դնել: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումները պարտադիր կատարելու իրավական ուժ չունեն, բայց արտահայտում են միջազգային հանրության կարծիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG