Մատչելիության հղումներ

Սիրիա մեկնած պատվիրակությունը «պետք է արտահայտեր ԱԺ համամասնությունը»


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյան
Մի խումբ պատգամավորների՝ Սիրիա մեկնելու նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել Ազգային ժողովում։

Հիշեցնեմ, որ օրեր առաջ հայաստանցի պատգամավորների 6 հոգանոց խումբը մեկնել է Սիրիա։ Բացի իշխող ՀՀԿ-ից ու ընդդիմադիր «Ժառանգություն»-ից, խմբում այլ խմբակցության որևէ ներկայացուցիչ ներառված չէ։

Գործընկերները նշում են, որ տեղյակ չեն եղել այս այցից: Բացի այդ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հակասական է համարում իշխող մեծաամասնության՝ միմյանց հաջորդող երկու հայտարարությունները։

«Նման պահվածքն ակնկալելի է, երբ որ Ազգային ժողովի նախագահը մի օր ասում է, որ մենք ոչինչ չենք կարող անել, որովհետև դա կհամարվի այլ պետության ներքին գործերին միջամտություն, [իսկ] երկու օր հետո որոշեն ու պատվիրակություն ուղարկեն: Եվ պարզ է, որ այս շտապողականության մեջ սխալները շատ կլինեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանոյանը:

Դժգոհ է նաև «Բարգավաճ Հայաստան»-ը: Կուսակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշում է, որ Սիրիա մեկնած պատվիրակությունը պետք է արտահայտեր խորհրդարանի համամասնությունը։

«Մենք իմացել ենք գնալուց հետո: Առավոտյան հարց են բարձրացրել, որ այսպիսի իրավիճակ է․․․ մենք արդյո՞ք չենք քննարկելու Ազգային ժողովում և այլն: Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ կհրավիրենք արտգործնախարարին, որը տեղեկատվություն կտա, թե ինչ է կատարվում, հետո կորոշենք անելիքը: Դրանից հետո պարզ դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավորները գնացել են», - ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

Արդեն Լիբանանում գտնվող պատգամավորական խմբի անդամներից Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե Սիրիա են մեկնել այն խմբով, որոնք այս շաբաթասկզբին Թուրքիային դատապարտող հայտարարություն էին նախաձեռնել։ Հայտարարությունը տարածվել էր համացանցում: Ստեփան Մարգարյանը, սակայն, ասում է, որ խորհրդարանում այդ հարցը չի քննարկվել․ - «Ո՞ւմ են դիմել, որ չի միացել: Ես առաջին անգամ եմ լսում»:

Հարցին, թե ինչու խմբում չեն ներառել այլ խմբակցությունների ներկայացուցիչներ, Մարուքյանը պատասխանեց․ - «Կար խումբ, որը այդ առավոտ հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ: Դրանից հետո որևէ մեկը չի եկել մեզ ասել՝ այդ հայտարարությունից հետո ի՞նչ եք նախատեսել: Հայտարարությունից հետո այդ նույն խմբով որոշել ենք, որ նախաձեռնենք այդ այցելությունը: Եվ տեղեկացրել ենք ԱԺ նախագահին, նաև հանրապետության ղեկավարությունը»:

Մարգարյանը, սակայն, նշում է, որ եթե պատգամավորները մեկնել են որպես անհատներ, այլ ոչ որպես պաշտոնական պատվիրակություն, ապա դա հասկանալի է։ Մյուս կողմից, սակայն, անհասկանալի է՝ ինչո՞ւ են նրանք պաշտոնական հանդիպումներ անցկացնում Սիրիայի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի ղեկավարի հետ։

Սիրիական լրատվամիջոցների, ինչպես նաև «Սանա» պետական գործակալության հաղորդագրությունում Ասադի հետ հանդիպումը ձևակերպվում է որպես Հայաստանի խորհրդարանի պատվիրակություն՝ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։ «Սանա»-ն նաև հաղորդում է, որ պատվիրակությունը Ասադին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բանավոր ուղերձը՝ քննադատելով Քեսաբում Թուրքիայի աջակցությամբ ավազակային խմբավորումների իրականացրած ահաբեկչությունը։

Հիշեցնեմ, որ երեք օր առաջ Սիրիա մեկնած հայ պատգամավորները այցելել են Լաթաքիայում ապաստան գտած քեսաբահայերին: Այսօր արդեն Լիբանանում հանդիպում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի, Լիբանանի խորհրդարանի ներկայացուցիչների, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Տեղում ստացած տեղեկլատվությունը պատգամավորական խումբը Հայաստան վերադառնալուն պես կներկայացնի իշխանություններին։ Նրանք վերադառնում են վաղը։
XS
SM
MD
LG