Մատչելիության հղումներ

Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահի հետ


Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահի հետ
please wait

No media source currently available

0:00 0:02:35 0:00
Հայաստանից Սիրիա մեկնած հայկական պատվիրակությունն այսօր Դամասկոսում հանդիպումներ է ունեցել ինչպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, այնպես էլ այդ երկրի բարձրագույն իշխանության այլ ներկայացուցիչների՝ Ազգային Ժողովի նախագահի և վարչապետի հետ։

Երկու օր Սիրիայում գտնվող հայ պատգամավորներից Արման Սահակյանը «Ազատության»-ը որոշ մանրամասներ փոխանցեց Ասադի հետ հանդիպումից։ Նշեց, որ հանդիպումն անցել է ջերմ, դրական մթլոնորտում, քննարկվել են Սիրիայում տիրող վիճակը, քեսաբայության խնդիրները։ Սահակյանը փոխանցեց, որ Ասադը վստահեցրել է, թե իրենք ամեն ինչ անում են, որպեսզի Քեսաբի շրջանը հետ վերցնեն ու հայությանն ուղարկեն իրենց բնակավայր։

Սահակյանը նաև պատմեց մեկ օր առաջ Լաթաքիա կատարած իրենց այցելության մասին: Հիշեցնենք, որ Քեսաբից շուրջ 600 ընտանիքներ այնտեղ են հանգրվանել՝ պաստպարվելով հայոց առաջնորդարանի շենքում, դպրոցներում։

Նրանց հետ զրույցները ևս մեկ անգամ հաստատել են Թուրքիայի կողմից Քեսաբի վրա հարձակման գործում Թուրքիայի մասնակցության մասին լուրերը։

«Խոսել ենք հայերի հետ, որոնք, հասկանալով վտանգը Թուրքիայից, գիշերները սահմանին պահակություն են արել, կամավորականների ջոկատները: Շատ լավ նկարագրեցին հայ գյուղացիները, թե ինչպես այդ գիշերը թուրք սահմանապահները հանկարծ կորան և... զրահատեխնիկայով հարձակվեցին հայկական գյուղերի վրա: Մեր հայրենակիցների պատմություններից այնպիսի տպավորություն է, որ տեղափոխվել ենք 15 թիվ», - փոխանցեց Սահակյանը:

Սիրիա մեկնած հայ պատգամավորներից Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով. - «Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահ պարոն Ջիհադ ալ Լահամին հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Սիրիա ներթափանցած վարձկան զինյալների շարքերում կան նաև ադրբեջանցի վարձկաններ»:

Հիշեցնեմ, որ մարտի 21-ի վաղ առավոտյան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ պայքարող զինյալների ու թուրքական կողմից հարձակման է ենթարկվել Քեսապի շրջանը, ինչի հետևանքով հայերը լքել են իրենց բնակավայրը։

Հայ պատգամավորները Հայաստան կվերադառնան շաբաթ օրը. ի մի կբերեն իրենց տեղեկությունները՝ փորձելով ուղիներ գտնել աջակցելու քեսաբահայերին։ Արման Սահակյանը նշեց, որ Ասադի հետ քեսաբահայերին Հայաստան տեղափոխելու հարց չեն քննարկել։ Ավելի վաղ նա փոխանցել էր, որ քեսաբահայերը Սիրիան լքելու ցանկություն չունեն:

«Այստեղից գաղթելու ցանկություն ոչ ոք չունի: Քեսաբցիները երկու անգամ գաղթել են Քեսաբից, երկու անգամն էլ վերադարձել են, հիմա էլ լիահույս են, որ շատ շուտով կառավարական զորքերը հետ կգրավեն Քեսաբը ու իրենք կվերադառնան», - ասաց Սահակյանը:

Նա ևս նշեց, որ Քեսաբը լքել են գիշերով, հապճեպ, ոչինչ չեն վերցրել իրենց հետ՝ նույնիսկ փաստաթղթեր։ «Բայց տեղի իշխանությունները և հայկական համայնքը առաջին անհրաժեշտության օգնությունը ցույց են տալիս», - ասաց հայ պատգամավորը։

«Ցավոք, 30 տարեց մարդ մնացել է գյուղերում, այս մարդկանց մասին ոչ մի ինֆորմացիա չկա, բայց երեխաները բոլորը ծնողների հետ եկել են»,- ամփոփեց Սահակյանը:

Միաժամանակ Երևանում բնակվող սիրիահայերն այսօր բողոքի ակցիայով փորձում էին գրավել ՄԱԿ-ի ուշադրությունը՝ պահանջելով դատապարտել Թուրքիային։ ՀՅԴ-ական երիտասարդներին էին միացել Սիրիայից Հայաստան տեղափոխված երիտասարդներն ու տարեցները։

Քեսաբի դատարկման համար նրանք մեղադրում էին ոչ միայն Սիրիայի կառավարության դեմ կռվող զինյալներին, այլև Թուրքիայի իշխանություններին։

Ամիսներ առաջ Քեսաբից Հայաստան տեղափոխված Աստղիկ Աշիկյանը դատապարտելով Թուրքիային, անհանգստությամբ էր պատմում ծնողների մասին։ Նրանք Քեսաբում էին ու օրեր առաջ ստիպված եղան Լաթաքիա տեղափոխվել։ «Ազատության» հետ զրույցում Աստղիկն ասաց, որ ուզում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել «Քեսաբը փրկելու, քեսաբահայությունը փրկելու համար»:

Արմատներով քեսաբցի Պիեռ Աֆարյանի մորեղբայրները ևս Քեդաբից Լաթաքիա են տեղափոխվել։ Պիեռն ասում է, որ նրանք եւս հատստաում են Թուրքիայի մասնակցությունը Քեսաբի վրա հարձակման հարցում․ - «Հարձակման երկրորդ օրը արդեն իսկ թրքական տանկերի վրա բարձրացվել էին ահաբեկիչների դրոշները, և նրանք օգտագործում էին թրքական զորքի տրամադրած զենքն ու զինամթերքը»:

Թուրքիային քննադատող, ինչպես նաև միջազգային կառույցների լռությունը դատապարտող կոչերով սիրիահայերն ու հայաստանցիները երթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ր գրասենյակ՝ պահանջելով դատապարտել Թուրքիային և աջակցել քեսաբահայերին վերադառնալ հայրենի շրջան։

ՄԱԿ-ի գրասենյակի առջև երիտասարդները ընթերցեցին այս կառույցին ուղղված նամակը, որն հետո հանձնեցին կառույցի ներկայացուցչին։

Նշեմ, որ Թուրքիայի արտգործնախարարությունը «բոլորովին անհիմն և իրականությանը չհամապատասխանող» է որակել տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի Լաթաքիա/Քեսաբ բնակավայրեր ներթափանցած ընդդիմադիր ուժերին:

«Մենք սադրիչ քաղաքական քարոզչության փորձ ենք համարում այն շրջանակների ջանքերը, որոնք զուգահեռներ են անցկացնում Քեսաբում տեղի ունեցած զարգացումների և անցյալի ցավալի իրադարձությունների միջև, և դատապարտում ենք դրանք»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև պատրաստակամություն է հայտնել ընդունել և պաշտպանել Քեսաբի հայերին: Նրանք, սակայն, մի ցանկություն ունեն՝ վերադառնալ հայրենի Քեսաբ։
XS
SM
MD
LG