Մատչելիության հղումներ

Քեսաբի եկեղեցին վերածվել է զինանոցի


Քեսաբի եկեղեցին վերածվել է զինանոցի
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Քեսաբի եկեղեցին վերածվել է զինանոցի

Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են Քեսաբը գրաված զինյալները մտնում հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և միաժամանակ ասում են, թե այդ պղծելու մտադրություն չունեն:

Լաթաքիայում տեղակայված քեսաբահայերը տեղեկացնում են, որ զինյալները եկեղեցին վերածել են զինանոցի:

Սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը, ով մշտական կապի մեջ է քեսաբահայերի հետ, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց վերջին տեղեկությունները․ - «Ցավոք սրտի, այսօր սկսել են արդեն մեր հայ ընտանիքների տները այրել, վառել, ջարդել, փշրել: Քեսաբը լրիվ դատարկված է»:

Լաթաքիայում ապաստան գտած Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ Լաթաքիայի եկեղեցին արդեն լի է փախստականներով․ - «Արդեն տեղ չկա»:

Նա հավելեց, որ երկու գյուղ արդեն հրկիզել են՝ հույս հայտնելով, որ պետությունը կօգնի իրենց:

Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով, Քեսաբի գրավմամբ հարձակում է նախապատրաստվում Դամասկոսի վրա․ - «Լաթաքիայի դեմ, մասնավորապես, Քեսաբի դեմ՝ Քեսաբը հենց առաջին սահմանային կետն է, իրականացված ռազմական գործողությունը ես ավելի շատ փորձում եմ բնութագրել որպես մարտավարական գործողություն, որի նպատակն է երկրի հարավից և հարավ-արևմուտքից սիրիական բանակային ստորաբաժանումները տեղափոխել դեպի հյուսիս-արևմուտք: Որից հետո, մոտավորապես մեկ-երկու ամսվա ընթացքում ծրագրվում է շատ ավելի ուժգին հարվածը Հորդանանի սահմանից՝ ուղղված մայրաքաղաք Դամասկոսի վրա»:

Հայաստանի նախագահի հայտարարության կապակցությամբ Պետրոսյանը նշեց․ - «Ըստ էության, նախագահի ուղերձում կա ենթատեքստ, որտեղ անուղղակիորեն մեղադրվում է դարձյալ Թուրքիան: Ինչպես գիտեք, նշում էր, չէ՞, որ նախորդ երկու տեղահանումները տեղի ունեցան Թուրքիայի հետ կապված և, բնական է, որ երրորդում էլ միանշանակ Թուրքիայի մատը խառն է»:

«Սրանից հետո պետք է արդեն սկսվեն գործողությունները», - ասաց նա՝ կոչ անելով օգնություն տրամադրել քեսաբահայերին: - «Մենք միասին՝ Հայաստան, Սփյուռք, պետք է փորձենք համախմբել մեր ուժերը՝ հնարավորինս աջակցելու մեր հայրենակիցներին»:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Օգնենք Քեսաբի հայերին», նախատեսվում է կազմակերպել դրամահավաք, և գումարը տրամադրել Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերին:
XS
SM
MD
LG