Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն հեգնում է` Ծառուկյանի ելույթից մի փոքր վախեցել են, բայց մտահոգված չեն


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) շաբաթ օրվա համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քննդատական ելույթն ամենևին չի մտահոգել իշխող Հանրապետականին։ ՀՀԿ-ում համոզված են, որ Ծառուկյանն ընդամենը «բարի ցանկություններ» է հայտնել։

ԲՀԿ-ի ղեկավարը հայտարարելով, որ ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են ծառացած հանրապետությունում իրականացվող տնտեսական ու սոցիալական «անպտուղ» քաղաքականության պատճառով, երկրի հիմնական քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկեց կազմել միասնական օրակարգ և դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ։ Ծառուկյանը հավաստիացրեց.- «Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում»։

«Անկեղծ ասած՝ մի փոքր «վախեցած» ենք բայց մտահոգված չենք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հեգնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով Ծառուկյանի ելույթից մտահոգված լինել-չլինելու մասին հարցին.- «Կատակը մի կողմ, ես չեմ կարծում, որևէ հանրապետական առիթ է տվել, որ նման հարցադրում հնչի»։

Սահակյանը ԲՀԿ առաջնորդի ելույթում առանցքային շեշտադրումներ չէր տեսնում, տեսնում էր նույն՝ իր բնորոշմամբ «բարի ցանկությունները», որ մշտապես հնչեցնում են և ԲՀԿ առաջնորդը, և կուսակցության ներկայացուցիչները։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ԲՀԿ-ն ընդդիմադիր չհռչակել։

«Մարդ պետք է այդ հստակ գիծը քաշի՝ «ես այլևս ընդդիմություն եմ այս-այս-այս կամ բոլոր առումներով»։ Կարևորը շիտակ և ազնիվ լինելն է՝ ընդդիմություն ենք կամ չենք։ Եթե այլընտրանք եք, ապա այդ «այլընտրանք» կոչվածը ո՞րն է և որտե՞ղ է տարածվում»,- ասաց պատգամավորը։

Համագումարում ԲՀԿ առաջնորդը բավական խիստ խոսեց կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման մասին, հայտարարելով, որ ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ինքը չի էլ պատկերացնում «այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է»:

Հովհաննես Սահակյանը հակադարձեց, որ 2010 թվականին այս օրենքն ընդունելու ժամանակ ԲՀԿ-ն իշխանության մաս էր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը այդ կուսակցությունից էր և այն ժամանակ, հակառակը, նրանք «գովերգել են համակարգը»։

«Չեմ հիշում, որ որևիցե մի անգամ իրենց քաղաքական թիմում քննադատություն հնչած լինի, կառավարությունում որևէ տեսակետ լինի հնչեցված, որևէ նախարար սրա պատճառով հրաժարական տված լինի։ Ավելին, իմ գործընկերներից ոմանց արձանագրային տվյալները եթե հանեք, այնտեղ ուշագրավ փաստեր կարող եք արձանագրել։ Ասում են, որ սա մենք պետք է անպայման անենք, գովերգում, ներկայացնում են և այլն։ Ուստի մեկնաբանություններն ու հետևությունները թողնում եմ ձեզ և մեր ժողովրդին»,- ասաց Սահակյանը։

«ԲՀԿ-ն էվոլյուցիա է ապրում»

Մինչ ՀՀԿ-ն վստահեցնում է, որ հանգիստ է վերաբերվում ԲՀԿ-ականների այսօրվա կեցվածքին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը համոզված է, որ «Բարգավաճն» «էվոլյուցիա է ապրում», ինչը հուսադրող է և նշանակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի 2011-ի հայտնի քաղաքագիտական վերլուծությունը իրականություն է դառնում։

«Արի ու տես, որ երկու տարվա ընթացքում ԲՀԿ-ն շատ մեծ էվոլյուցիա ապրեց՝ իշխանության կոալիցիայի անդամ լինելուց մինչև, ըստ էության, ընդդիմադիր առաջացող այս դաշինքի անդամ լինելը։ Այս առումով կհամարեի ԲՀԿ-ի համագումարը և Ծառուկյանի ելույթը որպես մի հերթական հանգրվան այդ էվոլյուցիայի ճանապարհին, որը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը միս ու արյուն է ստանում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Դիտարկմանը, թե այս օրերին հնչում են մեկնաբանություններ, որ Ծառուկյանն այս ելույթով թերևս վարչապետի՝ ոչ իշխանական ուժերի միասնական թեկնածու դառնալու հայտ ներկայացրեց, և արդյոք ՀԱԿ-ի համար ընդունելի՞ է նման սցենարը, որ Ծառուկյանը դառնա վարչապետ, Զուրաբյանը արձագանքեց.- «Մեր նպատակն է Սերժ Սարգսյանի ռեժիմի ապամոնտաժումը և Հայաստանում ընտրված իշխանության ձևավորումը, դրա համար ինչ հնարավոր է, մենք կանենք։ Հիմա եթե դուք հարցնում եք, թե ինչ կլինի կառավարության անվստահությանը հասնելուց հետո, փաստը մնում է փաստ, որ կառավարությունը հանցագործություն է կատարել։ Խախտել է Սահմանադրությունը, Ազգային ժողովին շրջանցել է մի շարք հարցերում, և արդեն միայն դա բավարար է, որ ցանկացած ազնիվ պատգամավոր անվստահություն հայտնի այս կառավարությանը, անկախ նրանից, թե դրանից հետո ինչ է լինելու։ Եթե մենք հասնենք դրան, հետո վստահ եմ, մենք խորհրդակցելով միասնաբար կարող ենք մշակել նաև հետագա քայլերը։ Հիմա դրա մասին խոսելը վաղօրոք է, բայց ինքնին նման զարգացման հասնելը արդեն կլինի բավականին լուրջ նվաճում։ Տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»։

Ի դեպ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն այսօր արձագանքել և օբյեկտիվ է որակել Գագիկ Ծառուկյանի ելույթում հնչեցված գնահատականները։

Հարցին, թե ԲՀԿ համագումարի, Ծառուկյանի ելույթի և առհասարակ, ԲՀԿ-ի թիկունքում շարունակո՞ւմ են չտեսնել Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Զուրաբյանը հակադարձեց.- «ԲՀԿ-ն ինքնուրույն ֆակտոր է, ընդ որում՝ շատ ավելի հզոր, քան Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ վերաբերում է այդ թեմայի արծարծմանը, ես համարում եմ, որ այդ թեման ավելի շատ մոգոնված է այսօրվա իշխանությունների կողմից։ Ըստ էության, նրանք ասում են՝ «այո, մենք ձախողված, տապալված, կոռումպացված իշխանություն ենք, ամեն ինչով վատն ենք, բայց պատկերացրեք, ով է գալիս մեզ փոխարինելու»... Այդ քարոզչությանը ես չեմ օգնելու»։

Ընդդիմադիր «Ժառանգության» կարծիքով՝ Ծառուկյանի ուղերձը ով ինչպես ցանկանա կարող է մեկնաբանել։ Հիշեցնելով, որ ԲՀԿ-ն չմասնակցեց նախագահական ընտրություններին, շարունակում է չհայտարարել ընդդիմություն լինելու մասին, «Ժառանգության» ներկայացուցչի Ստյոպա Սաֆարյանը կասկած հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը կարող է տեղափոխվել ռադիկալ ընդդիմադիր դաշտ, հետո գլխավորել հեղափոխական գործընթացներ։

«ԲՀԿ-ն, կարծում եմ, քանիցս իշխանության կողմից շրջանառության մեջ դրված սպառնալիքների տեսքով ունի կորցնելու լուրջ բան, այսինքն բավականին դժվար է, եթե չասեմ անհնար նրա համար անցումը այն դաշտից, որտեղ ինքն է այժմ մանևրում, դեպի այն դաշտ, որտեղ կարող է ծավալել ընդդիմադիր և իշխանափոխության գործունեություն։ Ծառուկյանը կարող է նաև սնանկանալ. իմանալով, որ այս իշխանությունը անողոք է իր դեմ դուրս եկած ցանկացած մրցակցի հանդեպ, իհարկե, կարող ենք ասել, որ Գագիկ Ծառուկյանին նման հեռանկար կարող է սպառնալ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Սաֆարյանը։
XS
SM
MD
LG