Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը քննադատում է Մաքսային միությանն անդամակցելու որոշումը


Վարդան Օսկանյանը և Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում: 4-ը փետրվարի, 2013 թ.
Վարդան Օսկանյանը և Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում: 4-ը փետրվարի, 2013 թ.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննադատում է Հայաստանի իշխանությունների՝ Մաքսային միություն մտնելու որոշումը։

Հինգշաբթի երեկոյան ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի նախաձեռնած քննարկման ժամանակ նա հայտարարեց, թե, անդամակցելուվ ՄՄ-ին` Հայաստանը կորցնում է իր մանրևելու հնարավորությունը. - «Եթե 1-ից 10-ի վրա մեր հնարավորությունները ես դասեմ, մենք դա իջեցրեցինք 1-ի, լավագույն դեպքում` 2-ի: Մենք 8 կետ այնտեղ կորցրեցինք: Մենք մեր մանևրելու հնարավորությունը եթե թողնեինք բաց` չմտնելով Մաքսային միություն, կարող էինք Եվրամիության հետ չստորագրել. խնդիր չկար, ինչպես Ուկրաինան արեց, ինչպես Ադրբեջանը արեց, ինչպես Կենտրոնական Ասիայի երկրները արեցին: Այսինքն միայն Հայաստա՞նն էր, որ մեզ բռնեցին, տարան այնտեղ: Ոչ ոք չտարավ, մենք մեր սխալներով գնացինք այնտեղ հայտնվեցինք»:

Նախկին արտգործնախարարի գնահատմամբ՝ անդամակցությունը Մաքսային միությանը փակում է Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունները․ - «Հայաստանը փոքր երկիր է, զարգացման միակ հնարավորությունը արտահանումն է և դրսի ներդրումները: Մաքսային միություն մտնելով՝ մենք մեր առաջ դա փակելու ենք: Մաքսային միությունը ազատ առևտրի գոտի է՝ ընդհանուր մաքսային դաշտով: Ազատ առևտրի գոտի մենք արդեն ունեինք Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի հետ ԱՊՀ շրջանակներում: Մենք նաև ուզում ենք գնալ և Եվրոպայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել: Եվ այդ երկուսը իրար չեն հակասում՝ այնքան ժամանակ, որ ազատ տնտեսական գոտի է: Բայց երբ որ դու Մաքսային ես դառնում, արդեն իրար հակասում են»:

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ կուսակցությունը դեռևս Հայաստանի իշխանություններից մանրամասներ չի ստացել Մաքսային միության կազմում Հայաստանի ունեցած շահի վերաբերյալ, ուստի և դեռևս չի կարող գնահատել Սերժ Սարգսյանի որոշումը։

«Մաքսային միության առթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն բազմաթիվ հարցականներ: Օբյեկտիվ հարցադրումներ կան, և դրանց պատասխանները պիտի տրվեն: Քանի դեռ դրանք չեն տրվել, մնալու են օդում առկախված: Պատասխաններ կարելի տալ ճիշտ այն ժամանակ, երբ մենք կիմանանք` ունի՞ Հայաստանի Հանրապետությունը այդտեղ շատ կոնկրետ շահ, թե՞ ոչ», - ասաց Ուրիխանյանը:

Վարդան Օսկանյանը, մինչդեռ, կարծում է, որ Մաքսային միություն մտնելով՝ փակվում են Հայաստանի բոլոր հնարավորությունները:

Նրա խոսքով՝ թեև այդ հարցում քաղաքականությունն է գլխավորը, այդուհանդերձ ՄՄ-ին չանդամակցելու հիմնավորումը կարող էր տնտեսական հիմքեր ունենալ․ - «Վաղը, ենթադրենք, Իրանը բացում է իր տնտեսությունը, և ասում է Հայաստանին՝ եկեք ազատ տնտեսական գոտի ստեղծենք երկու երկրների միջև: Մենք չենք կարող․ դա միայն Մաքսային միությունը միասնական պետք է բանակցի»:

ՍԻՎԻԼԻԹԱՍ-ում կազմակերպված քննարկման մյուս մասնակիցները՝ նախկին արտգործնախարարներ Վահան Փափազյանն ու Ալեքսանդր Արզումանյանը կիսում են Օսկանյանի տեսակետները Մաքսային միության հարցում՝ քննադատելով ՀՀ իշխանություններին վարվող արտաքին ու ներքին քաղաքականության համար:

«Որովհետև 2008 թվականի չակերտավոր ընտրություններից հետո, եթե չլիներ Ռուսաստանի ուղղակի աջակցությունը, ապա դժվար է ասել՝ նա ընդհանրապես իշխանության կլինե՞ր, թե՞ չէր լինի: Բնական է, որ նման ձևով իշխանության գալուց հետո կախվածությունը այդ նույն դրսի ուժերից դառնում է շատ ավելի մեծ: Այնպես որ, Ռուսաստանին որևէ բան մերժել այս իշխանությունը չէր կարող, այսօր էլ չի կարող, վաղն էլ չի կարողանալու», - ասաց Փափազյանը:

Իսկ Ալեքսանդր Արզումանյանը նշեց․- «Ռուսաստանի գնացքն էլ է գնացել: Ռուսաստանը այլևս ապագա չունի: Մենք պետք է հիմա քննարկենք, թե մենք ինչ ենք ուզում: Չորս տարի հետո, եթե այսպես շարունակվի, արտագաղթն էլ է լինելու ահավոր, տնտեսությունը լրիվ կործանվելու է և վերարտադրվելու է ռեժիմը»:
XS
SM
MD
LG