Մատչելիության հղումներ

ՍԴ-ն կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների կիրառումը


ՀՀ սահմանադրական դատարանը այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը կասեցնել այդ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

76-րդ հոդվածի կասեցումը նշանակում է, որ այն անձինք, ովքեր պարտավոր են կատարել վճարումներ, կարող են չկատարել վճարումները քանի դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել օրենքի սահմանադրականության վերաբերյալ: 86-րդ հոդվածի երրորդ մասի կասեցումը նշանակում է, որ քաղաքացին առայժմ պարտավորված չէ կատարել կառավարչի և ֆոնդի ընտրություն:

Օրենքի սահմանադրականության գործով դատաքննությունը կկայանա մարտի 28-ին:

«Դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակին» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ ուսումնասիրում են դատական այս ատյանի պատճառաբանությունները, վաղը նախաձեռնությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Նախաձեռնության մեկ այլ անդամ Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում հայտնեց իր անձնական կարծիքը ՍԴ-ի այսօրվա որոշման վերաբերյալ․ - «Սա դեռևս հաղթանակ չէ, որովհետև սա դեռ օրենքի հանդեպ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը չէ: Այսինքն ըստ էության ոչինչ դեռևս վերջնական հայտնի չէ»:

Այսօր ավելի վաղ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն էր խոսում պարտադիր կուտակային կենսաթոշակի դրական կողմերի մասին: Պատգամավորն ասում է՝ օրենքը կատարյալ չէ, սակայն ափսոսանք է հայտնում, որ 1974թ-ից հետո չի ծնվել, որպեսզի իր վրա էլ այն տարածվի: Մեր այն դիտարկմանը, թե կարող է կամավոր կերպով միանալ պարտադիր համակարգին, Բադեյանն արձագանքեց․ - «Ես կանեի դա, եթե ինքս անձամբ ավելի վատ կառավարեի այդ գումարները, քան թե կենսաթոշակային ֆոնդը»:

Կենտրոնական բանկը այսօր, մինչև ՍԴ որոշման հրապարակումը, հանդես էր եկել մամլո ասուլիսով: Այս կառուցում նույնպես հույս ունեն, որ ռեֆորմը շարունակվելու է, թեպետ հնարավոր են համարում ցանկացած զարգացում: ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը կարծում է, որ ռեֆորմը չշարունակելու դեպքում կարող է տուժել Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում․ - «Եթե կեսից խաղի կանոնները փոխվում են և ռեֆորմը չեղյալ է հայտարարվում, դա բացասաբար կարող է ազդել մեր բիզնես միջավայրի և օտարերկրյա ներդրողների տեսանկյունից Հայաստանի բիզնես միջավայրի գրավչության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG