Մատչելիության հղումներ

Կամավոր կենսաթոշակային կուտակային համակարգից օգտվում է շուրջ 500 մարդ


Կամավոր կենսաթոշակային կուտակային համակարգից օգտվում է 22 մարդ
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00
2011 թվականից ուժի մեջ մտած կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգից այսօր օգտվում է ընդամենը 22 անհատ քաղաքացի:

Հայաստանում միակ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի կառավարիչ, «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ընկերության ղեկավար Հայկ Ոսկանյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ եթե հաշվի առնենք, թե քանի գործատու է որոշել իր հաշվին աշխատակիցների համար բացել կամավոր կուտակային կենսաթոշակային հաշիվ, այդ թիվը կարող է հասնել 477-ի:

«Շեշտը ի սկզբանե եղել է գործատուի սխեմաների վրա, քանի որ մեր սպասումները նա էր, որ անհատների աշխուժությունն այս տեսանկյունից շատ չի լինելու», - ասաց Ոսկանյանը` հավելելով, որ շարունակում են աշխատել գործատուների հետ:

Նա ընդունեց, որ պարտադիր համակարգի ներդրումը լուծեց իրազեկմանը հարցը (հիմա ստիպված չեն լինելու գումարներ ծախսել իրենց համակարգը գովազդելու համար), սակայն չբացառեց, որ բիզնես շահերի տեսանկյունից կարող են խնդիրներ առաջանալ. - «Եթե պարտադիրը չլիներ, որոշակիորեն մեր հաճախորդների քանակը շատ կլիներ, բայց այդ աճի հնարավորությունը կլիներ սահմանափակ»:

Նա համոզմունք հայտնեց, որ 40-60 տարեկան մարդկանց համար ավելի ձեռնտու է միանալ մաքուր կամավոր համակարգին, քան կամավոր միանալ պարտադիր համակարգին. - «Որովհետև կամավոր կերպով մտնելով պարտադիր համակարգ` իրենք որոշակի սահմանափակումների տակ ենք ընկնում: Նախ, չեն կարող դադարեցնել վճարումները: Երկրորդը, չեն կարող ժամանակից շուտ հանել: Իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդերն այդ հնարավորությունը տալիս են. երկու տարուց սկսած հնարավոր է միջոցները տնօրինել, եթե դրա խիստ անհրաժեշտությունը կա»:

Նրա խոսքով`40-ն անց մարդիկ նույնպես պետք է թոշակ կուտակելու հնարավորություն ունենան:

Մասնագետներն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցներում նշում էին, որ Հայաստանը պատրաստ չէ անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, և լավ կլիներ, որ այս փուլում կայանար կամավոր կուտակային համակարգը:

Ոսկանյանը Հայաստանում դեռևս կայացած չի համարում կամավոր կենսաթոշակային կուտակային համակարգը. - «Դրա համար շատ երկար ժամանակ է պետք` երևի թե 30 ավելի տարիներ: Սա իմ կարծիքն է: Հիմա ասել, թե կամավոր կենսաթոշակային համակարգը կայացած է, նույնն է, ինչ ասել, օրինակ, թե բանկային համակարգը 1993 թվականին կայացած էր»:

Դժգոհության մեծ ալիք բարձրացրած, բայց հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային համակարգում պատկան մարմիններն առայժմ չեն հրապարակում, թե քանի մարդ է ընտրել իր կառավարչին ու ֆոնդը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ կառավարիչներ ու ֆոնդեր ընտրած մարդկանց վերջնական թիվը պարզ կլինի ապրիլին:
XS
SM
MD
LG