Մատչելիության հղումներ

ԱԺ ոչ իշխանական ուժերը հետագա համագործակցության ուղիներ են փնտրում


Ոչ իշխանական ուժերը խորհրդակցեցին. Միավորումը չեն բացառում
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00
Ազգային ժողովում այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել օրենսդիր մարմում ներկայացված ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները:

«ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը համագործակցությունը շարունակելու ուղիներ են փնտրում», - հանդիպումից հետո «Ազատության» հետ զրույցում փոխանցեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը: - «Աշխատանքային խորհրդակցության նպատակը այն է, որպեսզի կարողանանք շարունակել մեր համագործակցությունը: Որոշակի հարցերի շրջանակ ճշտեցինք, և պետք է այդ հարցերի շրջանակը քննարկվի համապատասխան խմբակցություններում, կուսակցություններում, և հաջորդ նիստի ժամանակ արդեն կոնկրետ կառանձնացվի այն հարցը կամ այն հարցերի շրջանակը, որը մենք պետք է միասնական համագործակցությամբ իրականացնենք»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը
Նրա խոսքով` առաջ շարժվելու համար մի այնպիսի հարցի շուրջ է անհրաժեշտ միավորվել, որը և' հասարակական պահանջն է, և' ընդունելի է չորս ուժերի համար: Իր համար այդպիսի հարց է, օրինակ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելը, որի շուրջ միավորումը կայացավ. - «Այն հարցն էր դրված օրակարգում, որը որևէ տարակարծություն չէր առաջացնի և' քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակում, և' ոչ իշխանական ուժերի, համոզված եմ նաև`ոչ խորհրդարանական ուժերի: Մեր խնդիրն է, որպեսզի գտնենք այդ հարցերը»:

«Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, որ ոչ միայն խորհրդարանում են գործելու, այլ նաև հանրահավաքներն են դիտարկում որպես պայքարի միջոց:

«Ազատության» հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը դիտարկում է իշխանափոխության հարց բարձրացնելու հեռանկարը ոչ իշխանական ուժերի քննարկումների ժամանակ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան արձագանքեց, թե իշխանափոխության հարցը ՀԱԿ-ի ծրագրի անբաժան մասն է և այն խորհրդակցությունների ժամանակ բարձրացնում են:

Իսկ Ռուբեն Հակոբյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե չի կարծում, որ «որևէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծայրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի կառավարության մեջ»: Պատգամավորի գնահատմամբ` խնդիրը ձևավորված համակարգի մեջ է, որը միանձնյա ղեկավարում է ՀՀ նախագահը: Ենթադրաբար, այս տեսակետը Հակոբյանը նաև քննարկումների ընթացքում է բարձրացնում: Այնինչ նույն քննարկումներին մասնակցող Դաշնակցությունը, որը կառավարությանն անխնա քննադատում է, բայց Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի բարձրացնում: Իսկ «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը իրադարձություններից առաջը չընկնելու կոչ է անում: Ժամանակը ցույց կտա՝արդյո՞ք քաղաքական այս ուժերին կհաջողվի համախմբվել իշխանափոխության շուրջ:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Եթե ոչ իշխանական ուժերի միավորումն անգամ տեղի ունենա, դա իշխող կուսակցությանը չի անհանգստացնում: ՀՀԿ-ի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում «Պարքա'ր, պայքա'ր մինչև վերջ»-ը հնացած մեթոդ համարեց: Նրա պնդմամբ` Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրությունների միջոցով, բայց միավորվելու փորձեր անող չորս քաղաքական ուժերը միասին էլ չունեն լայն զանգվածների վստահությունը:

«Ուզում են միավորվեն, ուզում են բաժանվեն, ուզում են իրար քննադատեն… Դա իրենց պրոբլեմն է: Չեմ կարծում, թե մեր երկրում թիվ մեկ խնդիրն այն է, թե իշխանափոխություն կլինի՞, թե՞ չէ», - ասաց Շարմազանովը:

Նրա համոզմամբ` այդ ուժերն այժմ ակտիվացել են` «լուսանցքում չհայտնվելու վախից», և «ուրիշի սեղանին [նկատի ունի քաղաքացիական հասարակությունը] թամադայություն անելու փորձեր են անում»:

«Որովհետև այդ ուժերի հիմնական քաղաքական հացը իշխանություններին քննադատելն է», - փաստարկեց նա` շարունակելով. - «Քանի որ նրանք մեկը մյուսի նկատմամբ ավելի մրցակցային դիրքերի մեջ են և շատ լավ գիտակցում են, որ Հայաստանում ամեն երրորդ մարդը, ըստ պաշտոնական տվյալների, աղքատության շեմից այն կողմ է ապրում, և, բնականաբար, աղքատ մարդը նաև ունի օբյեկտիվ դժգոհություն, այդ մարդիկ կռիվ են սկսել, թե ով ավելի լավ կտիրանա հակաիշխանական կամ դժգոհ էլեկտորատին»:

Տեղեկացնենք, որ իշխող քաղաքական ուժը անգամ վարչապետի փոփոխության մտադրություն չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG