Մատչելիության հղումներ

Բագրատյան. «Ռիսկեր կան և դրանք չեզոքացված չեն»


ԱՎԾ. Հայաստանի արտաքին առեւտրի միայն մեկ քառորդն է ՄՄ հետ
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության միայն մեկ քառորդն է իրականացվում Մաքսային միության երկրների հետ:

Ըստ ԱՎԾ-ի` նման պատկեր է վերջին մի քանի տարիներին: Մաքսային միությունը կազմավորվել է 2010-ին, և այդ տարի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 78.1 տոկոսը Մաքսային միությունից դուրս էր, 2011-ին էլ ավելի շատ՝ առևտրաշրջանառության 78.6 տոկոսն իրականացվեց միության մեջ չմտնող երկրների հետ, իսկ անցած տարի Մաքսային միությանը չանդամակցող երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմեց 75.6 տոկոս:

Ազգային ժողովի պատգամավոր, 1993-1996 թվականներին Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով` պաշտոնական նման թվերի պայմաներում առնվազն անհասկանալի է իշխանությունների հայտարարությունը, թե Ռուսաստանն է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը:

Օրերս ուկրաինական «Սեգոդնյա» պարբերականին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել էր, թե Ռուսաստանը «մեր հիմնական առևտրային գործընկերն է ու ներդրողը, իսկ Հայաստանում արտադրված արտադրանքը հիմնականում իրացվում է ռուսական շուկայում»:

«Ինձ թվում է, որ Մաքսային միության միանալու` Հայաստանի որոշման մեջ քաղաքական բան կա: Եվ եկեք անկեղծ լինենք. պարզապես երևի Հայաստանը հասկացել է, կամ նրան հասկացրել են, որ չի կարող լինել ռազմական անվտանգության և տնտեսական փոխադարձ հարաբերությունների տարանջատում: Դրանք պետք է համատեղվեն երկրների մեկ խմբի հետ», - ասաց Բագրատյանը:

«Եթե հարցին նայում ենք զուտ տնտեսական առումով, ապա տեսնում ենք, որ Եվրոպայի հետ մենք ունենք ավելի մեծ առևտուր և ավելի ազատ ռեժիմ», - շարունակեց Բագրատյանը: - «Մեր միջին մաքսատուրքը (2011-ի հաշվարկներն են` ըստ Համաշխարհային բանկի) մոտ 3 տոկոս է` 2.5 տոկոս: Եվրամիության երկրներում մոտավորապես նույն մակարդակն է, Մաքսային միության երկրներում` մոտ 10 տոկոս: Ընդհանուր առմամբ, արտաքին առևտրի պայմանները կխստանան: Մաքսային միությունում մենք ունենք ավելի բարձր տարիֆներ, և երրորդ երկրները, որոնք Մաքսային միության անդամ չեն, նրանց կողմից ներմուծվող և դեպի այդ երկրներ արտահանվող ապրանքները որոշակի առումով պետք է թանկանան: Ես թվերին չեմ տիրապետում, բայց վարչապետն էր, որ ասաց, որ կատարել է վերլուծություն: Ինձ հայտնի է, որ վերջապես հանձնարարել է, որպեսզի հաշվարկները կատարեն, որպեսզի խոսակցությունը լինի կոնկրետ: Եվ իրոք`դա տանելու է թանկացման այդ երկրների հետ առևտուրը»:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը կկորցնի իր մրցունակությունը ՄՄ-ին չանդամակցող երկրների հետ առևտրում, Բագրատյանն արձագանքեց. - «Ես չեմ կարող ասել, որ մրցունակությունը կկորցնի, որովհետև ապրանքների միջին թանկացումը կկազմի 2-4 տոկոս»:

Բագրատյանի խոսքով` անդամակցությունը Մաքսային միությանը սկզբնական շրջանում Հայաստանում կբերի գների բարձրացման:

Հարցին, թե ՄՄ-ին անդամակցելու դեպքում ռիսկեր չի տեսնում Հայաստանի տնտեսության, բիզնես հանրության համար, նախկին վարչապետը պատասխանեց. - «Անձամբ ես հակված եմ մտածելու, որ ռիսկեր կան, և դրանք չեզոքացված չեն: Եթե նույնիսկ Կառավարության ղեկավարն է այդ մասին ասում, ուրեմն դա լուրջ է»:

Վարչապետ Սարգյանը ուկրաինական պարբերականին տված հարցազրույցում խոսելով Մաքսային միությանն անդամակցելուց ակնկալվող օգուտների մասին` ընդունում է, որ ռիսկեր կան. - «Մաքսային միության դրույքաչափերը ավելի քան երկու անգամ բարձր են, քան մեր մաքսատուրքերը երրորդ երկրների հետ։ Մենք կբախվենք որոշակի բարդությունների, սակայն, ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Հայաստանը շահում է Մաքսային միությանը անդամակցությունից և միասնական տնտեսական տարածքից»:
XS
SM
MD
LG