Մատչելիության հղումներ

Ռիժկով. ՄՄ-ն Հայաստանին կօգնի մի շարք հարցերում


Նիկոլայ Ռիժկով
Նիկոլայ Ռիժկով
Ռուս քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովը «զգում է, որ հայաստանցիների մեծ մասը տրամադրված է, որ իրենց երկիրը դառնա Մաքսային միության անդամ»:

Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպման ավարտին Ռիժկովը հայտարարեց, որ Մաքսային միությունը կօգնի Հայաստանին մի շարք հարցերում: Իսկ Եվրոպայի հետ համագործակցությունը, նրա խոսքով` կարող էր հսկայական խնդիրների առջև կանգնեցնել Հայաստանին:

Ռիժկովի համոզմամբ` Հայաստանի իշխանությունները «ժամանակին և ճիշտ» որոշում են կայացրել, մինչդեռ մյուսները չեն գիտակցում, թե իրենց ինչ է սպասվում. - «Ուկրաինան չի հասկանում, թե ինչ է իրեն սպասվում, ձգտում է մի տեղ` անգամ չիմանալով, թե ուր է ձգտում»:

Մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի խնդիրը` Նիկոլայ Ռիժկովն ասաց, թե դրանք միմյանց հետ կապ չունեն. - «Լուկաշենկոն թող իր հարցերով զբաղվի, ինչո՞ւ է խցկվում ուրիշի երկիր: Բոլորը հիանալի հասկանում են, որ Ղարաբաղի հարցը երկար ժամանակ է պահանջում. այդ հարցը ո'չ այսօր է լուծվելու, ո'չ էլ վաղը»:

Ռուսաստանցի քաղաքական գործիչն անդրադարձավ նաև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը` նշելով, թե «հարկավոր է ի վերջո քանդել տրանսպորտային շրջափակման այդ կծիկը»: Իսկ դա անելու համար, ըստ նրա, «անհրաժեշտ է միայն քաղաքական կամք, որը հիմա բացակայում է»:

Հայաստան - Ռուսաստան միջխորհրդարանական խմբի համանախագահը չմանրամասնեց, սակայն, թե ինչ է մտադիր անել Հայաստանի ռազմակավարական դաշնակից Ռուսաստանն այս ուղղությամբ:
XS
SM
MD
LG