Մատչելիության հղումներ

Վյաչեսլավ Կովալենկոյի հերթական սկանդալային հայտարարությունը


Վյաչեսլավ Կովալենկոյի հերթական սկանդալային հայտարարությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00

Վյաչեսլավ Կովալենկոյի հերթական սկանդալային հայտարարությունը

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի խոսքով` Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության շրջանում կարծում են, որ եթե Հայաստանը գնա Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով, Հայաստանը կգնա դեպի դժոխք:

Այսպիսի հայտարարություն ռուս դիվանագետն արեց այսօր «Ազատության» հետ զրույցում:

Կովալենկոն Հայաստանում Ռուսաստանի դեսպանն էր 2009-ից մինչև այս տարվա մարտ ամիսը, իսկ մինչև այդ Ռուսաստանի դեսպանն էր հարևան Վրաստանում (2006-2008 թվականներին), որտեղ Կովալենկոյի աշխատանքը ավարտվեց 2008-ի ռուս-վրացական հայտնի պատերազմով:

Այս տարվա հուլիսի սկզբին, հիշեցնենք, Վյաչեսլավ Կովալենկոն հանդես էր եկել մեկ այլ աղմկահարույց հայտարարությամբ: Ռուսաստանյան evrazesnews.ru կայքէջին հետ զրույցում մեջբերելով Հայաստանի նախագահի՝ հունիսի վերջին Վարշավայում հնչեցրած խոսքերը, թե հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կրող է` Երևանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը ընդամենը երկու ամիս առաջ թողած Կովալենկոն նշել էր. - «Իր գանձարանում տեղ տալով եվրոպական արժեքներին՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհին: Հնուց ասված է՝ բարի մտադրություններով սալարկված է դժոխքի ճանապարհը»:

Հիշեցնենք նաև, հունիսի կեսերին տեղեկատվություն հրապարակվեց, որ ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի դաշնակիցը համարվող Ռուսաստանը սկսել է մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զինտեխնիկայի վաճառքը Ադրբեջանին: Դիտորդները մեծամասնությունը պնդում էր, որ նման կերպ Մոսկվան բացահայտ ճնշում է գործադրում Երևանի նկատմամբ՝ ձգտելով հետ պահել Հայաստանին Եվրամիության հետ մերձեցումից:

Այսօր երևանյան մամուլի կենտրոններից մեկում տեղի ունեցած ասուլիսից հետո «Ազատության» հարցին` Ռուսաստանի ղեկավարությունը կիսո՞ւմ է իր գնահատականները, թե Եվրամիություն տանող ճանապարհը դեպի դժոխք տանող ճանապարհ է, Կովալենկոն պատասխանեց. - «Ես պարզապես համոզված եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունն այդպես է մտածում: Չեմ կարող ձեզ թվարկել ղեկավարության ներկայացուցիչներին՝ մեկին, երկուսին, երեքին»:

Հարցի, թե արդյոք նկատի ունի նաև, որ այդպես են մտածում Ռուսաստանի նախագահի աշխատակազմում ու արտգործնախարարությունում, դիվանագետը պատասխանեց. - «Այո․․․ Բայց արդյո՞ք հարկավոր է մեզ բարձրանալ նախագահի աշխատակազմի, արտգործնախարության մակարդակին․․․ Ոչ մի գաղտնիք էլ չկա»:

41 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող դեսպան Կովալենկոն, պարզաբանելով, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է դեպի Եվրամիություն տանող ուղին ճանապարհ դեպի դժոխք, ասաց. - «Ձեզ ուղղակի օրինակ բերեմ: Վերցրեք Բուլղարիան, Ռումինիան, բալթյան երկրները. ահա նրանք դարձան Եվրամիության անդամներ, ակտիվ անդամներ են: Բայց ո՞ւր են նրանք այժմ: Նրանք ընդամենը, այսպես ասած` ինչ-որ նախաբաղնիքում են՝ մեկնած ձեռքով, կորցրել են իրենց ազգային արժանապատվությունը: Փաստարեն նրանք ուղղակի և փոխաբերական իմաստներով մինչև հատակը հասնող մակարդակի են հասցրել իրենց ազգային ինքնությունը: Հայաստանը ցանկանո՞ւմ է գնալ նրանց ճանապարհով... Խնդրեմ: Դա Հայաստանի ընտրությունն է: Ի՞նչ է Եվրամիությունում կատարվում: Բուլղարիան, Ռումինիան Հունգարիան: Անգամ Հունգարիան, որը խորհրդային տարիներին ծաղկում էր իր գյուղատնտեսական արտադրությամբ և մեքենաշինությամբ, այժմ որտե՞ղ է այն: Հետնաբակում: Մենք Հունգարիային այլևս չենք տեսնում ու չենք լսում: Ուստի, իմ պատկերացմամբ՝ դա դժոխք տանող ճանապարհ է»:

Դեսպանի համոզմամբ` եթե Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրն ու այն կյանքի կոչեր, ապա կկորցներ իր արդյունաբերության ու գյուղատնտեսության վերջին մնացորդները:

«Հայաստանը Արևմուտքին հարկավոր միայն որպես դաշնակից Կովկասում, որը Սաակաշվիլիի ժամանակաշրջանի Վրաստանի նման Ռուսաստանին մեծ տհաճություններ և մտահոգություններ կպատճառեր: Ահա, թե ինչի համար է Հայաստանը հարկավոր Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին: Իսկ Ռուսաստանին Հայաստանը հարկավոր է... Դա արդեն պատմություն է, դա այն ճանապարհն է, որ երկու երկրները անցել են: Երկու ժողովուրդներն էլ քրիստոնյա են և ունեն սրբություններ, զոհեր, մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, որին հայ ժողովուրդը տվել է 350 հազար զոհ»:

Ի դեպ, դեսպանը ևս մեկ ուշագրավ հայտարություն արեց: Ըստ Կովալենկոյի, Հայաստանի իշխանությունները իրենց ռուս գործընկերներից թաքցնում էին Եվրամիության հետ Ասոցացման և Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերի տեքստը. - «Տեքստը ցույց չէին տալիս, որովհետև դա, այսպես ասած, ընդունված կանոններին չէր համապատասխանում: Մոտավորապես այսպես էին ասում՝ տեքստը չենք կարող ձեզ տալ, որովհետև այն դեռ ավարտուն տեսք չի ստացել, իսկ մենք պարտավորություններ ենք ստանձնել Եվրամիության առջև՝ չհրապարակել անավարտ տեքստը»:

Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարեց, թե իր համար անակնկալ էր Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունը Մաքսային միությանը անդամակցելու մասին. - «Այո, դա ինձ համար փոքր-ինչ անսպասելի էր, քանի որ Հայաստանի ղեկավարության ու Երևանում Եվրամիության դեսպանների հետ ունեցած իմ շփումների ժամանակ, սկզբնական շրջանում ինձ հավաստիացնում էին, թե որևէ խնդիր չկա, որ Հայաստանը շարունակի փոխգործակցել Ռուսաստանի կամ Մաքսային միության հետ, և որ խոսքը բացառապես գնում է տնտեսության ազատականացման մասին, և չկա որևէ քաղաքական խնդիր, որը կխոչընդոտի հայ-ռուսական հարաբերությունները: Սակայն իրականում դա այսպես չէր, և դա հայտնի դարձավ վերջին շրջանում, երբ արևմտյան դեսպանները հանկարծ սկսեցին հայտարարել, թե անհնարին է Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն երկու գործընթացներում: Պարզաբանումներ չկային, թե ինչու հնարավոր չէ»:

Դեսպանի այս խոսքերը կարևոր են այն պատճառով, որ նախագահ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո՝ այս սեպտեմբերին, Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե դեռ անցած տարվա դեկտեմբերին իր որոշմամբ ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը գլխավորել է էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը, և որը անցած ամիսներին բանակցել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի գլխավորած խմբի հետ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցերի շուրջ:

Կովալենկոն, հիշեցնենք, մեր երկրում Ռուսաստանի դեսպանն էր մինչև այս տարվա մարտ ամիսը: Ստացվում է, որ նա տեղյակ չէ՞ր այդ բանակցություններից: Կամ Հայաստանի ղեկավարությունը իրո՞ք վերջին պահին է որոշել անդամակցել Մաքսային միությանը:
XS
SM
MD
LG