Մատչելիության հղումներ

Իշխանությունները մտադիր են բարելավել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը


Հայաստանի իշխանություններին չեն գոհացնում միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից այս ոլորտի վերաբերյալ հրապարակվող զեկույցներում տեղ գտած գնահատականները։

«Դուք տեղյակ եք միջազգային կազմակերպությունների զեկույցներին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված։ Դրանք մեզ չեն գոհացնում եւ մենք պետք է գործնական քայլեր կիրառենք ե՛ւ մեր երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու, ե՛ւ նրա սահմաններից դուրս` այն միջազգային կազմակերպությունները, ովքեր մոնիտորինգ են իրականացնում, նրանք պետք է տեսնեն Հայաստանում էական առաջընթաց այս ոլորտում», - այսօր հայտարարեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախագահ, իշխանության մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Բաղդասարյանն այս տարվա փետրվարից գլխավորում է Հայաստանի նախագահի կարգադրությամբ ձեւավորված մարդու իրավունքների պաշտպանության, ազգային ռազմավարության դրույթների եւ ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը։ Մարդու իրավունքների պաշտպանը եւս ներառված է այդ հանձնաժողովում։ Այսօր, այցելելով Հայաստանի մարդու իրավունքների գրասենյակ, Բաղդասարյանը քննարկեց իր գլխավորած այդ հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաեւ հանդիպում ունեցավ լրագրողների հետ եւ դժգոհությամբ խոսեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին։

«Օրենքներում գրված փաստաթղթային նորմերից մենք պետք է անցնենք Մարդու իրավունքների իրական պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության վիճակի էական բարելավման, եւ ես համոզված եմ, որ այստեղ շատ խնդիրներ կան եւ այդ խնդիրները մենք անպայմանորեն լուծելու ենք», - մասնավորապես ասաց Բաղդասարյանը։

Նորաստեղծ հանձնաժողովի նախագահը համոզված է, որ հանձնաժողովը կկարողանա լուծել այդ ոլորտում առկա խնդիրները:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր հերթին հույս հայտնեց, որ նորաստեղծ հանձնաժողովը կկարողանա իր առջեւ դրած խնդիրները լուծել:

Հանձնաժողովը, որտեղ ներառված են լինելու նաեւ հինգ հասարակական կազմակերպություններ, ոչ թե մարդու իրավունքների խախտումների մասնավոր դեպքեր է քննարկելու, ինչպես մարդու իրավունքների պաշտպանը, այլ աշխատելու է տարբեր ոլորտներում առկա խնդիրների դիտարկմամբ, դրանց վերլուծությամբ՝ արդյունքում առաջարկություններով նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այսօր անցկացվեց քվեարկություն, ինչի արդյունքում ընտրվելու են հանձնաժողովի կազմում ներառվող 5 կազմակերպությունները: Քվեարկության արդյունքները կհրապարակվեն առաջիկայում:

Իրավապաշտպան՝ «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Հարությունյանը հրավիրված չէր քվեարկությանն ու ասաց՝ հրավերքի դեպքում չէր էլ մասնակցի:

«Որեւէ մեկը չի կարող լուրջ ընդունել եւ հավատալ, որ հայաստանյան իշխանությունները կարող են ձեռնամուխ լինել մարդու իրավունքների խախտումների բացառմանը կամ լուծմանը», - հայտարարեց իրավապաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ քանի դեռ չկա պահանջվող քաղաքական կամքը, խոսել իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության մասին, անիմաստ է:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, չնայած որոշակի վերապահումների, պատրաստ է աշխատել հանձնաժողովում. - «Անձամբ հակված եմ, որ այնուամենայնիվ պետք է այդ ինստրումենտը օգտագործել որոշակի փոփոխության հասնելու համար։ Մարդու իրավունքների խախտում կատարող կառույցների հետ աշխատում ենք դատավարական հայցերի ձեւով, քննադատությունների միջոցով, քննարկումների միջոցով։ Սա մի մեխանիզմ է, որտեղ մեր անմիջական դիտարկումները մենք եւս կարող ենք մեր դիրքորոշումները ներկայացնել, հատուկ կարծիք գոնե ձեւավորել»։

Իրավապաշտպանը, սակայն, հանձնաժողովի գործունեության հետ կապված որոշակի մտահոգություններ ունի: Նա հիշատակում է ոչ վաղ անցյալում ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի ֆինանսավորման դադարեցումը Հայաստանում, քանի որ ընտրությունների, լավ կառավարման եւ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չէին համապատասխանել հիմնադրամի պահանջներին:
XS
SM
MD
LG