Մատչելիության հղումներ

Քննարկվում է դատաիրավական համակարգի բարեփոխման ծրագիրը


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ) եւ Եվրոպայի խորհուրդն այսօրվանից Հայաստանում անցկացնում են աշխատաժողով, որի ընթացքում կետ առ կետ կքննարկվեն 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման դրույթները:

Ծրագրի հիմքում դրված են «Կիեւյան հանձնարարականները», որոնց նպատակն է երեք կոնկրետ թեմատիկ ոլորտներում ամրապնդել դատական անկախությունը. դատական վարչարարություն` առանձնակի ուշադրություն դարձնելով դատական խորհուրդներին, դատական ինքնակառավարման մարմիններին, դատարանների նախագահների դերին, դատավորների ընտրություն եւ դատավորների հաշվետվողականություն եւ դատական անկախություն դատական որոշումների կայացման գործընթացում:

Աշխատաժողովին այսօր ներկա էր Արդարատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, ում կարծիքով, ցանկացած երկրի զարգացման աստիճանը ուղիղ համեմատական է նրան, թե ինչպիսին է երկրի դատական իշխանությունը:

Նրա ձեւակերպմամբ` արդեն 22 տարվա անկախ պետության պատմությունը մեզ պարտավորեցնում է այս ոլորտում քայլերն ավելի հիմնավոր կատարել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ արդյունք կարող են տալ այսպիսի բարեփոխումները, երբ ժողովրդի մոտ դատաիրավական համակարգի գործունեության նկատմամբ վստահությունը տարեցտարի նվազում է, եւ արդյոք այս բարեփոխումները ի վերջո փաստաթղթային վիճակից իրականություն կդառնան, Հրայր Թովմասյանը պատասխանեց. - «Եթե մենք ունենայինք 100 տոկոսանոց վստահություն դատական իշխանության նկատմամբ, եթե ունենայինք արդյունավետ, հաշվետու, անկախ դատական իշխանություն, այնպիսի ծրագրերի, ինչպիսին է 2012-16 դատական բարեփոխումների ծրագիրը, եւ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն չէր լինի»:

«Ես չեմ կարող կիսել Ձեր կարծիքը, որ անվստահությունն աճում է», - շարունակեց նախարարը. - «Վերջին մի քանի տարվա ընթացքում Դուք կարող եք տեսնել քաղաքական կամքի ակնհայտ դրսեւորումներ` ոլորտում փոփոխություններ կատարելու, եւ այս ծրագիրը դրա խոսուն դրսեւորումներից մեկն է»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ «վստահության հարցը բավականին զգալի է» եւ «վստահության բարձրացման կտրուկ փոփոխություն ակնկալելը բարդ կլինի». - «Մենք երկխոսության հնարավորություն ենք ստեղծում: Եկել ենք` կիսելու ձեզ հետ մեր փորձը, իսկ դա արդեն ժողովրդին վստահ լինելու հնարավորություն է տալիս»:

Հրայրի Թովմասյանի խոսքով, նախորդ տարիների համեմատությամբ տարբերությունը մեծ է. օրինակ, անցած տարվա ընթացքում 22 դատավոր կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, իսկ մի քանիսի լիազորությունները դադարեցվել են:

Սա թերեւս նույնպես հասարակության շրջանում վստահություն ձեռք բերելու առիթ է. - «Բնականաբար, խնդիրներ կան, եւ այդ խնդիրների մասին ես եմ առաջինը բարձրաձայնել: Եվ այն լուծումները կամ այն հարցերը, որոնք այստեղ դրված են, առաջին հերթին բերելու են հենց այդ վստահության բարձրացմանը. ովքե՞ր են դառնում դատավոր, ի՞նչ եղանակով են դառնում դատավոր, ինչո՞վ է պայմանավորված, որ գործերն այդքան ձգձգվում են: Այս բոլոր հարցերի պատասխանները պետք է այս դատաիրավական բարեփոխումների արդյունքում մենք ստանանք»:

Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպություններից մի քանիսը, սակայն, դրական փոփոխություններ չեն ակնկալում: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այդ բարեփոխումները «մնում են թղթի վրա»:

Ըստ Դանիելյանի` կոռուպցիոն ռիսկները նույնպես չեն վերանա, քանզի ներկա վիճակը ձեռնտու է ե'ւ հասարակության մեծ մասին, ե'ւ վարչական կառույցներին: Իսկ եվրոպական կառույցներին այս հարցերը, ըստ նրա, ընդհանրապես չեն հետաքրքրում:

ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարն այսպես չի կարծում: Այս առումով նա առաջընթաց է նկատում է եւ օրինակ է բերում, որ մամուլից տեղեկացել է, որ ոստիկանական համակարգում բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվում:

«Բարեփոխումների համատեսքստում նաեւ նախատեսվում է մի շարք քայլեր ձեռնարկել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ», - ասաց Հրայր Թովմասյանը: Սակայն ամենակարեւորը, ըստ նախարարի պաշոտնակատարի, մնում է հանրային մտածողության փոփոխությունը. - «Այն մտածողությունը, որը, ցավոք սրտի, դեռ գերիշխում է մեր հասարակության մոտ, որ առանց կոռուպցիոն դրսեւորումների խնդիրներ չի կարող լուծել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG