Մատչելիության հղումներ

Ավտոմեքենայի մաքսազերծման գործը՝ «սկզբունքային»


Ավտոմեքենայի մաքսազերծման գործով Վարչական դատարանի վճռից դժգոհ ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանը պատրաստվում է բողոքարկել այն։

Մարտի 15–ին Վարչական դատարանը մերժել էր ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանի հայցը, որով վերջինս պահանջում էր մաքսային մարմիններին պարտավորեցնել իր կողմից Հայաստան ներկրված Mersedes-Benz մակնիշի ավտոմեքենան գործարքի գնի մեթոդով՝ տվյալ դեպքում 2000 դոլարով ավելի ցածր տուրքով մաքսազերծել եւ փոխհատուցել հայցվորի ծախսերը:

Սերգեյ Գրիգորյանի փաստաբան Վահե Գրիգորյանը կարծում է, որ Վարչական դատարանը քաղաքացու համար արդյունավետ պաշտպանության միջոց չի հանդիսանում:

«Վարչական դատարանն իր մարտի 15-ի վճռով է ապացուցել քաղաքացու համար անպիտանելիության փաստը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր բնորոշեց Վահե Գրիգորյանը, – «Եվ ընդամենը այնտեղ գտնվում է մաքսային ու հարկային վարչարարության ժամանակ թույլ տրված վարչական մարմինների իրավախախտումներին օրինականություն հաղորդելու համար»։

Հիշեցնենք՝ Վարչական դատարանի վճռի հիմնավորման մեջ նշվում է, թե «հայցվորի ավտոմեքենայի ձեռքբերման համար Ճապոնիայում կատարված վճարման փաստաթղթերում առկա է հակասություն»: Դատարանը, հայցը մերժելու մյուս հիմքը համարել է այն, որ «փոխադրման ամփոփագրով ՀՀ մաքսային տարածք ներմուծված ավտոմեքենայի վերաբերյալ մաքսային մարմին սահմանված կարգով հայտարարագիր չի ներկայացվել»:

Սերգեյ Գրիգորյանի փաստաբանի կարծիքով, դատավորը իր վճիռը կայացնելիս «տրամաբանության ու բանականության կանոններից դուրս է եկել»։

Հայաստանում դեռ չկա որեւէ դատական ակտ, որը վերականգնել է մաքսային օրենսգրքի 87 հոդվածով առաջնային մեթոդով եւ քաղաքացուն ձեռնտու տարբերակով մաքսազերծման իրավունքը, արձանագրում է փաստաբանը։

Հայցվորը փորձում է 2012 թվականի մայիսից՝ նախ Մաքսայինին գրություններ ուղարկելով, իսկ հիմա դատական համակարգում Մաքսայինի գործողությունները վիճարկելով հասնել իր պահանջների կատարմանը։

«Այս գործը սկզբունքային գործ է։ Մաքսային մարմինների կողմից ստվերային առաջարկություններ միշտ կատարվում են՝ այս գործից մի կողմ քաշվել, մեր ցանկացած գնով մաքսազերծման դիմել, բայց դա չի լինելու», – բացատրում է փաստաբան Վահե Գրիգորյանը, – «Բայց դա չի լինելու, օրենքը պետք է կատարվի։ Մենք ոչ ակնկալիք ունենք, ոչ որեւէ պաշտոնյայի, իրենց խոսքերով ասած՝ լավության կարիքն ունենք։ Հայաստանի Հանրապետությունում կա Մաքսային օրենսգիրք, դրա նորմերը պետք է ուղղակիորեն կիրառվեն։ Մնացածը հեքիաթներ են»։

Փաստաբանը պնդում է, որ այս գործը Հայաստանի դատական ատյաններում օրինական լուծում չստանալու դեպքում հասնելու է Եվրոպական դատարան, քանի որ խախտվել է սեփականության իրավունքի եւ քաղաքացուն կամայականություններից զերծ պահելու իրավունքը։

Ուշագրավ է, որ դեռեւս Վարչական դատարանի որոշումից առաջ Մաքսայինը արձանագրություն էր կազմել «մաքսային կանոնների խախտման վերաբերյալ»: Ուսանող Սերգեյ Գրիգորյանը, ըստ արձանագրության, «խաբեությամբ» օգտագործելով փաստաթղթեր, այդ թվում հաշիվ-ապրանքագիր, Հայաստան է ներմուծել Mersedes Benz մակնիշի ավտոմեքենա: Մաքսայինը դա որակել էր խախտում եւ վարույթ սկսել, սակայն Վարչական դատարանի որոշմամբ Սերգեյ Գրիգորյանի հայցի մերժումից հետո Մաքսայինը կարճել էր հայցվորի դեմ հարուցված վարույթը։
XS
SM
MD
LG