Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյան. «Ոստիկանությունը բոլորի ոստիկանությունն է»


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում զրուցում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ, Երեւան, 9-ը ապրիլի, 2013թ.
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում զրուցում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ, Երեւան, 9-ը ապրիլի, 2013թ.

«Եվ փառք Տիրոջը, որ այսօր ոստիկանությունը դա ընկալում է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ոստիկանապետը:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «ընդհանուր առմամբ» խաղաղ է համարել նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ապրիլի 9-ին կազմակերպված երթը։

«Միջոցառման մեջ մենք որոշակի ագրեսիա էինք տեսնում, որոշակի իրավախախտումներ։ Այդ մարդիկ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել, վարչական տույժի ենք ենթարկել՝ մի 10-12 հոգի մարդիկ էին», – երեկ ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ոստիկանապետը։

Հարցին՝ նախագահի նախկին թեկնածու, հետընտրական զարգացումների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցություն հայտնած եւ երեկվա երթի ժամանակ բերման ենթարկված Անդրիաս Ղուկասյանը այդ մարդկանց շարքո՞ւմ էր, Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ չի կարող անուններով ասել, բայց վստահեցրեց, որ բոլոր բերման ենթարկվածների նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել եւ բոլորը բաց են թողնվել։

Հիշեցնենք՝ երեկ մի քանի ակտիվիստներ ոստիկանություն էին տարվել. նրանց մի մասին բերման էին ենթարկել Ազատության հրապարակի մերձակայքից, մյուս մասին՝ Ազգային ժողովի մոտից՝ քաղաքացիական ակցիայի ժամանակ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարելու ընթացքում իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժին էր տարվել նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով այսօր նույնպես հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ բացատրություն տալու:

Իսկ Արմեն Մարտիրոսյանի մասին ի՞նչ կասեք», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Վլադիմիր Գասպարյանը արձագանքեց. - «Արմեն Մարտիրոսյանի հետ ես հեռախոսով եմ խոսել, Արմեն Մարտիրոսյանը հիմա բժշկի մոտ է, երեւի վաղը կխոսենք... Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք` ոստիկանապետը չիմացած բանը որ ասի... Մեր տեղեկություններով` բան չկա, ես իր հետ խոսել եմ, ինքը նորմալ է եղել»:

Հիշեցմանը, որ բերման ենթարկված «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Երեւանի քաղաքապետի թեկնածու է` «ինչքա՞ն կարող է մնալ քաղմասում», ոստիկանապետը հակադարձեց. - «Քաղմասում չի գտնվում, բուժօգնություն է ստանում, վաղուց արդեն էնտեղ չի»:

«Այսինքն, այստեղ խնդիրը կայանում էր նրանում, որ եթե ոստիկանությունը տեսնում է, որ մարդիկ օրենքի սահմաններում բնականոն, խաղաղ երթ են կազմակերպում, եւ` իրազեկված, էստեղ խնդիր չկա: Բայց եթե նույնիսկ իրազեկման ժամանակ որոշակի ագրեսիա է լինում, մենք պարտավոր ենք խաղաղեցնել դա», - ասաց Վլադիմիր Գասպարյանը` շարունակելով. - «Էս պարագայում մենք այդ վիճակն ենք գնահատում, որ խաղաղ է, [կոնֆլիկտի աղբյուր] ես չեմ տեսնում եւ ցանկություն էլ չունեմ, որովհետեւ, այնուամենայնիվ, ոստիկանությունը բոլորի ոստիկանությունն է»:

«2004 թվականին ապրիլի 12-ին գրեթե այստեղ էր երեւի, էլի այսպիսի հավաք կար, բայց այն ժամանակ ոստիկանությունը կարծեք թե չզիջեց, գնաց ընդհարման, փաստորեն, ընդհարում տեղի ունեցավ: Այս անգամ ոստիկանությունը զիջեց», - ի պատասխան այս դիտարկման` ոստիկանապետը նախ հիշեցրեց, որ 2004-ին ինքը ռազմական ոստիկանության պետն էր, ապա ասաց. - «Զիջելու այդ բառի իմաստը եթե մենք ճիշտ հասկանանք` դրական իմաստով, ոստիկանությունը զիջում է այն ժամանակ, երբ տեսնում է, որ խաղաղ է, եւ, բացի դրանից, ոստիկանությունը բոլորի ոստիկանությունն է: Եվ փառք Տիրոջը, որ այսօր ոստիկանությունը դա ընկալում է»:

Երեկ Ոստիկանության տարբեր բաժիններ տարված մյուս ակտիվիստների գործերով կազմվել են արձանագրություններ, որոնց համաձայն նրանց դեմ պետք է կիրառվի վարչական տույժ՝ 50.000 դրամի չափով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Վլադիմիր Գասպարյանը նորից ստանձնելո՞ւ է ոստիկանապետի պաշտոնը, մեր զրուցակիցը պատասխանեց. – «Ի տարբերություն քաղաքացիական պաշտոնների, մենք զինվորականներ ենք, ոստիկաններ ենք, ուսադիրներ ենք կրում, եւ այս որոշումները մերը չեն, որոշումը գլխավոր գերագույն հրամանատարի՝ այսինքն Հայաստանի Հանրապետության նախագահինն է»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոստիկանապետն ասաց, որ չի կարող չգնահատել եւ չհարգել Րաֆֆի Հովհաննիսյանի խաղաղասիրությունը:

«Ես Րաֆֆիի մեջ տեսնում եմ խաղաղ մարդու եւ առաջին իսկ օրվանից մեր շփման ընթացքում այդ մարդը կոչ է անում խաղաղության, անարյուն, խաղաղ, սահմանադրական ճանապարհով ամեն ինչ անելու», – մանրամասնեց ոստիկանապետը։

Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ ինքն այս օրերին ամեն օր հեռախոսով խոսել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

«Ես որպես ոստիկանապետ պարտավոր եմ դա անել», – ասում է նա, – «Ոստիկանության նպատակը չի կայանում նրանում՝ ուժ գործադրել կամ ինչ–որ մի ձեւով ցրել... մեր նպատակը այն է, որպեսզի ամեն ինչ օրենքի սահմաններում լինի։ Խախտվե՞ց օրենքը՝ Ոստիկանությունը կհանդուրժի մեկը, երկուսը... բայց անընդհատ»։

Մեր հարցին՝ «հիմա դուք ավելի հանդուրժող եք, չէ՞», Վլադիմիր Գասպարյանը կատակեց՝ «բայց դուք չեք պատկերացնում ես ինչ դաժան եմ, ախր... ես իմ հանդուրժողականությամբ եմ դաժան»։

«Ոստիկանությունը բոլորի ոստիկանությունն է: Եվ փառք Տիրոջը, որ այսօր ոստիկանությունը դա ընկալում է», - եզրափակեց Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG