Մատչելիության հղումներ

Բագրատյան․ «Ամեն մի պրեզիդենտական ընտրություն ինտրիգ ունի»


Հայաստան – Նախագահի թեկնածու, նախկին վարչապետ եւ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը իր կուսակցության համագումարում, Երեւան, 24-ը դեկտեմբերի, 2012թ․
Հայաստան – Նախագահի թեկնածու, նախկին վարչապետ եւ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը իր կուսակցության համագումարում, Երեւան, 24-ը դեկտեմբերի, 2012թ․
Նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն այսօր առավոտյան հանդիպումներ է ունեցել Աչաջուր գյուղում, այնուհետեւ իր ծրագրերը ներկայացրել է մարզկենտրոն Իջեւանում։

Եթե գյուղերում նախագահի թեկնածուն հիմնականում խոսում էր գյուղատնտեսության մասին, ապա Իջեւանում Բագրատյանը խոսում էր ընդհանրապես երկրի խնդիրների մասին եւ առաջարկում դրանց լուծման իր տարբերակները։

Մասնավորապես, խոսելով հարկերի մասին, Բագրատյանն ասաց․ - «Մեր ծրագրով շահութահարկի, եկամտահարկի 50 տոկոսը թողնում ենք տեղերին։ Օրինակ՝ մեզ մոտ կա իջեւանցի աշխատող։ Ասենք պառլամենտում էլ իջեւանցի տղաներ ունենք։ Իրենց շահութահարկը, որ պառլամենտում աշխատավարձ է վճարվում, 50 տոկոսը պիտի փոխանցվի այս քաղաքի բյուջե»։

Նախագահի թեկնածուն անդրադարձավ նաեւ սոցիալական խնդիրներին, խոսեց կենսաթոշակային համակարգի մասին։

«Ես գտնում եմ, որ թոշակները, նվազագույն աշխատավարձը գործակցով պետք է կապված լինեն միջին աշխատավարձի հետ։ Այսինքն, այսօր թոշակը հաշվվում է ամեն տարվա ստաժի գումարը եւ բազային գումար։ Մենք ասում ենք՝ միջին թոշակը պետք է կապել 40 տոկոս միջին աշխատավարձից։ Որովհետեւ գներ են աճում, աշխատավարձ է աճում, թոշակառուները հետ են ընկնում», - իր ծրագիրը ներկայացրեց Բագրատյանը։

Իր խոսքում նախագահի թեկնածուն նշեց, որ աշխատատեղ չի բացելու, այլ այնպես է անելու, որ մարդիկ իրենք աշխատատեղ բացեն։

Նախագահի թեկնածուն վստահ է, որ հիմնական ընդդիմադիր պայքարը հենց ինքն է տանում։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր կարծիքով հաղթելու է ընտրություններում։

«Վերջին հաշվով, ամեն մի պրեզիդենտական ընտրություն ինտրիգ ունի։ Այսօր ինտրիգը Սերժ Սարգսյանն ու Հրանտ Բագրատյանն են», - կարծիք հայտնեց Բագրատյանը։
XS
SM
MD
LG