Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը պահանջում է վերացնել անհավասար պայմանները


Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է անհապաղ վերացնել քարոզարշավի անհավասար պայմանները. հակառակ դեպքում նախագահի թեկնածուն ընտրությունները կհամարի ավարտված:

«Թող որեւէ մեկը վատ չզգա, սա վերջնագիր չէ, սա պայքար է եւ մեր երկրի պատիվն է: Բայց գործող նախագահ պարոն Սարգսյանը այս հարցը պետք է հիմա', այսօ'ր հրապարակավ լուծի, որովհետեւ եթե սա շարունակվի, վերջացել են այս ընտրությունները: Ես դա չեմ ուզում. իր հանձառությունը, իր ճառերը, իր խոստումը ժողովուրդին խախտվում է, եւ այդ խախտումը պետք է վերագրել իրեն: Իր ենթականերին թող կարգի հրավիրի», - ուրբաթ օրը տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ընդդիմադիր թեկնածուն:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, խոսքը մասնավորապես, պետական կառույցներում իրականացվող հակասահմանադրական քարոզարշավի մասին է, որը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի համոզմամբ` իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի իմացությամբ: Նախագահի թեկնածուի շտաբի տեղեկություններով, քաղաքապետարանում անցկացվում են ուսումնական հաստատությունների տնօրենների, մանկավարժների հավաքներ:

«Ուղղակի թե անուղղակի, ձայնագրության ենթակա, թե մի հատ աչքի ակնարկով հրահանգ է իջեցվում, թե ինչպես պետք է քվեարկեն: Պետական համալսարանում եթե ոչ մնացած հանրային բուհերում բաժանվում են իշխող կուսակցության թեկնածուի շարֆերը` դեկանների, դասախոսական կազմի մոտ: Հրամանատարներից ոմանք արդեն հավաքում են իրենց զինվորներին: «Փարոս»-ի աշխատակիցները գնում են տնից տուն եւ իրենց գործը անում են», - ասաց նա:

Թեկնածուն ասում է` գնալով խիստ անհավանական է դառնում, որ Սերժ Սարգսյանը կիրականացնի արդար ընտրություններ անցկացնելու խոստումը` միաժամանակ շեշտելով, որ եթե այս ապօրինությունները խորանան, ապա օրինական ընտրությունների հեքիաթը կավարտվի, ինչը, սակայն, չի նշանակում, որ ինքը դուրս կգա պայքարից:

Հովհաննիսյանն այսօր «կատարյալ սուտ» որակեց կրթության եւ գիտության հանրապետական նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը, թե նախագահի թեկնածուն քարոզչություն է իրականացրել Մանկավարժական համալսարանում, ինչն օրենքով արգելված է:

«Բարեւեցի ուսանողներին, առավելագույն ասացի` բարի ընտրություն, եւ այնտեղ որեւէ քարոզչություն չկար: Սո'ւտ է: Ես կարծում եմ, որ եթե կա բարոյականության նվազագույն շեմը, սա իմ խնդիրը չէ, դուք գիտեք իմ բնավորությունը, ես հրաժարական պահանջող չեմ, բայց գործող նախարարը ինքը այդ ստի դիմաց արժի, որ դիտարկի սեփական հրաժարականը», - հայտարարեց Հովհաննիսյանը` հավելելով, որ Աշոտյանն` ինքը կուսակցականացված համալսարանի, ուսխորհրդի ծնունդ է ու գործը թողած «Ֆեյսբուքում» գրառումներ է անում նախագահի թեկնածուների մասին:

Քարոզարշավի հինգերորդ օրը ակնհայտ է` պայքարը իշխանության եւ ժողովրդի միջեւ է, ասում է Հովհաննիսյանը: Նա նախընտրական շտաբեր չունի, 20 շրջիկ միկրոավտոբուսներն են քարոզելու իր օգտին: Թեկնածուն մտադիր է ծախսել օրենքով թույլատրված ողջ գումարը` 100 միլիոն դրամ: Նախընտրական ծրագրի տնտեսական մասը մասնագետների հետ է գրել, համարում է իրատեսական:

«Առաջին տարվա ընթացքում, գումարելով պետական բյուջեից խնայողությունները, նույն նախագահական պահպանման ծախսերից սկսած, ատկատների նվազումը, ստվերի բերման ենթարկելը, 50 միլիարդ դրամը գումարել 250 միլիարդ դրամի եւ ունենալ կենսաթոշակների 50 տոկոսի բարձրացում մի տարվա ընթացքում: Հինգ տարի անց նվազագույնը 180 հազար աշխատատեղ, որը թույլ կտա, որ 600 հազար հայաստանից դուրս գա աղքատությունից», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Նախկին արտգործնախարարը մի փոքր զարմացած է` ինչու է այդպես աղմուկ բարձրացրել իր քարոզարշավը, քանի որ մարդկանց հետ անմիջական շփումը համարում է իր առօրյան:

«Եթե նստում եմ հանրակառք, ավտոբուս, թե մարշուտկա, դա անում եմ միշտ, ոչ թե այս 25 օրերին: Եթե ես մոտենում եմ մարդկանց, դա անում եմ միշտ, եւ ոչ թե այս 25 օրերին: Եվ եթե այդ հատկանիշը նաեւ վստահություն բերող է ժողովրդի կողմից, ուրեմն ես շնորհակալ կլինեմ դրա համար», - ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG