Մատչելիության հղումներ

Ղուկասյանը կարծում է` հացադուլը կարող է քաղաքացիական շարժում առաջացնել


Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ իր հացադուլն ի վերջո քաղաքացիական շարժում կառաջացնի Հայաստանում, որն էլ կկարողանա հասնել իշխանափոխության:

Ղուկասյանը արդեն հինգերորդ օրն է, ինչ հացադուլ է անում Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի դիմաց:

«Քաղաքացիական շարժումը հնարավոր կլինի ձեռնարկել, երբ ի հայտ կգա հանրության դիրքորոշումը: Գտնում եմ, որ 10-15 օրվանից մեր հանրությունը ամբողջությամբ իրազեկ կլինի հացադուլի մասին, եւ հիմա, երբ իշխող համակարգը փորձում է այդ տեղեկությունը ինչ-որ ձեւով սահմանափակել կամ վարկաբեկել այս ամեն ինչը, այնուամենայնիվ, այդ ժամկետում արդեն հանրությունը ի վիճակի կլինի իր դիրքորոշումը հայտնելու, ինչը եւ հնարավոր է` սկիզբ կդառնա քաղաքացիական շարժման», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թեկնածուն:

Անդրիաս Ղուկասյանը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով` պահանջելով զրկել Հանրապետության ներկայիս նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու իրավունքից: Ըստ Ղուկասյանի, Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունն են կանգնած ընտրակեղծիքների հետեւում: Ուստի, գալիք ընտրությունները կարող են անցնել ազատ ու արդար պայմաններում, եթե Հանրապետության գործող նախագահը չմասնակցի դրանց:

Անդրիաս Ղուկասյանը ընդգծեց, թե աջակցություն է ակնկալում հասարակությունից, քաղաքացիական նախաձեռնություններից, քանի որ Հայաստանում արդեն ոչ ոք հույսեր չի կապում կուսակցությունների հետ:

«Հանրությունը տեսնում է, որ կուսակցությունները չեն պաշտպանում հանրության շահերը եւ գոյություն ունեն իրենք իրենց շահերի համար: Նման կուսակցությունները, բնականաբար, չեն կարող հանրությանը հետաքրքիր լինել», - ասաց նա:

Այսօր երեւանյան մամուլի ակումբներից մեկում լրագրողների հետ հանդիպման էր եկել Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Գրիգորյանը, ով կոչ արեց հասարակության «պասիվ չմնալ եւ ակտիվորեն փորձել փոխել երկրում ստեղծված իրավիճակը»:

«Անդրիաս Ղուկասյանը չի ճանաչում ընտրությունների օրինականությունը եւ գտնում է, որ պետք է վերջ տալ ռեժիմի կողմից հասարակության վզին փաթաթված ֆարսը: Նա հստակ պահանջում է, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը չմասնակցի ընտրություններին, ինչը կարող է լինել միակ պայմանը, որպեսզի Հայաստանում անցկացվեն մրցակցային, ազատ ընտրություններ: 2007 թվականից սկսած Հանրապետական կուսակցությունը իշխող դիրք է գրավում պետությունում եւ այդ ռեսուրսը օգտագործում է ոչ մրցակցային ընտրությունները կազմակերպելու համար», - ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանն ասաց` եթե Ղուկասյանի պահանջները չկատարվեն նա պատրաստ է մինչեւ փետրվարի 18-ը հացադուլ անել, որից հետո կընտրվեն քաղաքական պայքարի նոր մեթոդներ: Բժիշկները, որ ամեն օր երկու անգամ այցելում են թեկնածուին, մինչ այս պահը թեկնածուի առողջական վիճակը նորմալ են գնահատել: Ինչպես փոխանցեց Արմեն Գրիգորյանը, Ղուկասյանի տրամադրության հետ նույնպես ամեն ինչ կարգին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG