Մատչելիության հղումներ

Մելիքյան․ ՀՀ քաղաքացիները ճնշումների են ենթարկվում


Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել է, որ իշխանությունները ճնշումների են ենթարկում Հայաստանի քաղաքացիներին, որպեսզի վերջիններս քվեարկեն կոնկրետ թեկնածուի օգտին։

Նա հավելել է, որ շուտով կհրապարակի անձնագրային տվյալների հավաքագրման ձեւաթղթի նմուշը:

«Երեւանի քաղաքապետն արդեն տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգել է հավաքել պետական ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքների անդամների անձնագրային տվյալները», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արման Մելիքյանը, - «Այդ առումով սա, իհարկե, որոշակի ճնշման ձեւ է»։

Արման Մելիքյանը, ով կասեցրել է իր մասնակցությունը քարոզարշավին, ամփոփելով մյուս թեկնածուների կողմից անցկացվող քարոզարշավի առաջին շաբաթը, ասաց, որ առաջիկա ընտրությունների օրինականությունը ապահովելու ուղղությամբ գործնական առաջարկ չի հնչել, մինչդեռ սա հիմնական խնդիրն է, որ պետք է լուծեն Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը, անկախ այն բանից՝ թեկնածու ունեն ընտրություններում, թե ոչ: Ըստ նրա` նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը իրենց խոսքում կասկածի տակ չեն դնում ընտրությունների օրինականությունը, մինչդեռ ակնհայտ է, որ «նախկինում կատարված զանգվածային ընտրակեղծիքները հանգեցրել են իշխանական ճամբարի ներկայացուցչի հաղթանակին»։

«Այսպիսով, այս թեկնածուները պարզապես աչք են փակում ընտրակեղծարարության փաստի վրա», - եզրակացրեց նախագահի թեկնածուն։

Թեկնածուների մյուս խումբը, ինչպես Մելիքյանն ասաց, դիմել է ծայրահեղ քայլերի: Խոսքը Անդրիաս Ղուկասյանի հացադուլի եւ Արամ Հարությունյանի հավանական ինքնաբացարկի եւ հաջորդող հացադուլի մասին է: Այս քայլերը Արման Մելիքյանը արդյունավետ չի համարում․ - «Ի սկզբանե այրված են կամուրջները եւ երկխոսության ճանապարհը փակ է»։

Խոսելով իր մասին` Մելիքյանը նորից հիշեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր իր դիմումը եւ մի մասը հասցեագրել ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչությանը, որը սակայն մինչեւ օրս չի ստացել այն: Մելիքյանն ասում է` գուցե սա զուտ ծառայողական անփութություն է, սակայն չի բացառում, որ կարող է նաեւ միտում լինել:

Հիշեցնենք՝ թեկնածուն պահանջում էր ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածների եւ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածների մասին տեղեկատվություն: Այս խնդիրը նա բարձրացրել է նաեւ երեկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
XS
SM
MD
LG