Մատչելիության հղումներ

Թեկնածուի քարոզչական պաստառներում խախտումներ կան


Նախագահի թեկնածու, որպես էպոսագետ հայտնի Վարդան Սեդրակյանի նախընտրական պաստառներում խախտումներ են հայտնաբերվել, եւ առաջիկա օրերին դրանք հավանաբար կհանվեն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության անցկացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ Սեդրակյանի պաստառների վրա չկան պատվիրատուի, տպաքանակի եւ տպագրող կազմակերպության տվյալները, մինչդեռ դրանց առկայությունը պարտադիր է:

Ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ խոսքը վերաբերում է միայն այն պաստառներին, որոնք փակցված են Երեւանի քաղաքապետարանի հատկացրած տարածքներում՝ քարոզարշավի մեկնարկից հետո։ Սեւակ Հովհաննիսյանի խոսքով մինչեւ քարոզարշավի օրը փակցված պաստառները իրենց ծառայության կողմից չի վերահսկվում:

Մինչդեռ, պարզվում է, որ Վարդան Սեդրակյանը պաստառներ է փակցրել նաեւ մինչեւ հունվարի 21-ը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախագահի թեկնածուն ասաց, որ այդ պաստառների համար տուգանք է մուծել՝ «քաղաքը աղտոտելու համար»:

Իսկ ինչ վերաբերում է հարուցված վարչական վարույթին, ապա թեկնածուն արդեն սկսել է պաստառների մաքրման գործընթացը:

Սեդրակյանը տեղեկացրեց, որ շուտով պատրաստ կլինի իր նոր պաստառը: Սասունցի Դավթի արձանը այնտեղ չի լինի, բայց կարգախոսը կմնա նույնը՝ «Վերեւն Աստված կա»:

Նախագահի թեկնածուն խոստանում է, որ նոր պաստառները լիովին կհամապատասխանեն օրենքի պահանջներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG