Մատչելիության հղումներ

Վայոց ձորի մարզպետ է առաջադրվել Էդգար Ղազարյանը


Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
Երեկ երեկոյան տեղի է ունեցել իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում քննարկվել են հիմնականում կազմակերպչական եւ կադրային հարցեր։

«Քննարկել ենք Վայոց ձորի մարզպետի հարցը, եւ կուսակցությունը որոշել է այնտեղ Վայոց ձորի մարզպետ առաջադրել Էդգար Ղազարյանին», - նիստից հետո լրագրողներին հայտնեց Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, այս Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի մարզպետների տեղերը նախորդ կոալիցիոն կառավարության կազմում պատկանում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, եւ քանի որ ԲՀԿ-ն անցած խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարվեց ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմել, մարզպետների պաշտոնները փոխանցվեցին Հանրապետական կուսակցությանը։

Գեղարքունիքի մարզպետի հարցը, սակայն, առայժմ չի քննարկվել։

«Ընդդիմության գործը քննադատելն է»


Նիստի ընթացքում Հանրապետականն արձանագրել է նաեւ Ազգային ժողովում Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության ծրագրի ընդունումը։

Ծրագրին կողմ քվեարկեցին Հանրապետականներն ու «Օրինաց երկրի» ներկայացուցիչները, դեմ, ինչպես նախօրոք հայտարարել էին, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», Հայ հեղափոխական դաշնակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները՝ մեկ բացառությամբ. ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանը ձեռնպահ մնաց:

«Ընդդիմության գործը քննադատելն է, իշխանության գործը աշխատելն է եւ ճիշտ ներկայացնելը», - այս առնչությամբ մեկնաբանեց Էդուարդ Շարմազանովը։ - «Իմ կարծիքը եղել եւ մնում է հետեւյալը․ այս կառավարության ծրագիրը ամենաիրատեսականն է, ամենամրցունակն է»։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որպես Ազգային ժողովի փոխնախագահ ինչպե՞ս է գնահատում նոր խորհրդարանի աշխատանքները, Շարմազանովն ասաց, որ այս խորհրդարանը աչքի է ընկնում կոռեկտությամբ եւ վերջապես իրենք հնարավորություն ունեն ընդդիմության հետ բանավիճելու ոչ թե մամուլի եւ հանրահավաքների միջոցով, այլ Ազգային ժողովում։

«Այս երկու օրվա ընթացքում մենք տեսանք, որ քաղաքական մտքերի գեներացման կենտրոն է դառնում նաեւ Ազգային ժողովը ամբողջությամբ, որովհետեւ 5-րդ գումարման Ազգային ժողովում են ներկայացված բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը եւ դուք տեսաք, որ քննադատության պակաս չկար», - ասաց ԱԺ հանրապետական փոխնախագահը։

please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG