Մատչելիության հղումներ

Նախագահը կառավարությունից 7 տոկոս տնտեսական աճ է ակնկալում


Նախագահ Սերժ Սարգսյանը վարում է նորանշանակ կառավարության առաջին նիստը, 18 հունիսի, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը վարում է նորանշանակ կառավարության առաջին նիստը, 18 հունիսի, 2012
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկուշաբթի օրը իրենց աշխատակազմերին ներկայացրեց գործադիրի նորանշանակ անդամներին` տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

Հիշեցնենք, շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր ստորագրեց կառավարության նոր անդամներին նշանակելու մասին։ Ըստ այդմ, 13 նախարարություններ տնօրինում է իշխող Հանրապետական կուսակցությունը, երեքը` «Օրինաց երկիրը», իսկ մեկ նախարարություն կղեկավարի անկուսակցական նախարարը:

Այսօր տեղի ունեցավ նոր կառավարության արտահերթ նիստը, որը վարեց Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը: Նախագահն ասաց` կառավարության կազմում հեղափոխական փոփոխություններ չեն արվել, սակայն դա չի նշանակում, որ գործադիրի աշխատանքից հեղափոխական արդյունքներ չեն ակնկալվելու:

«2012 թվականի համար կառավարության գործունեությունից առաջնային ակնկալիքը 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն է: Տնտեսական աճն ինքնանպատակ չէ. մեր խնդիրն է կայուն եւ մշտական զարգացման համար ամուր հիմքեր դնելը, աղքատության հետեւողական կրճատումն ու տեսանելի ապագայում դրա իսպառ վերացումը: Սա է լինելու ձեր աշխատանքի գնահատման առաջին ցուցիչը», - գործադիրի անդամներին դիմելով` ասաց Հայաստանի նախագահը:

Նոր կառավարության անդրանիկ նիստի օրակարգում երկու հարց կար` կառավարության ծրագրի մասին եւ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ կառավարության նախաձեռնության մասին որոշման նախագծերը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց այն գերակայությունները, որոնց վրա հիմնված է կառավարության գործունեության ծրագիրը:

«Կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի, աղքատության կրճատման ապահովում` 8-10 տոկոսային կետով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով», - թվարկեց վարչապետը:

Հայաստանի կառավարության 2012-2017 թվականների գործունեության ծրագիրը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Մինչ այդ կառավարությունը հավանության արժանացրեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ իր նախաձեռնության մասին որոշումը, ըստ որի կառավարությունն առաջարկեց Ազգային ժողովի նախագահին խորհրդարանի առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ-ի արտահերթ նստաշրջան:

please wait

No media source currently available

0:00 0:03:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG