Մատչելիության հղումներ

Կառավարության ծրագիրը արժանացավ ընդդիմադիրների սուր քննադատությանը


Վարչապետը ներկայացնում է կառավարության գործունեության ծրագիրը, 20 հունիսի, 2012
Վարչապետը ներկայացնում է կառավարության գործունեության ծրագիրը, 20 հունիսի, 2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի օրը Ազգային ժողովում ներկայացրեց նոր կառավարության ծրագիրը:

Տիգրան Սարգսյանի կառավարությունը գործունեության հնգամյա ծրագիր է մշակել. այն հիմնված է Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի վրա: Ինչպես գրված է խորհրդարան ներկայացված նախագծում, կառավարության ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունը պարտավոր է մարդու համար ստեղծել արժանապատիվ ապրելու եւ արարելու լավագույն հնարավորություններ: Իշխանությունները նախատեսում են 8-10 տոկոսով կրճատել աղքատությունը, կանխարգելել արտագաղթը, զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպեր ապահովել, 100 հազար աշխատատեղ ստեղծել, գոնե կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, մատչելի պայմաններով տրամադրվող վարկերի ծավալներն ավելացնել, կոռուպցիան ծնող պատճառները վերացնել, խստացնել ընդերքի շահագործման վերահսկողությունը, Երեւանի կենտրոնում բացառել մեր նկարագրին անհարիր կառուցապատումը: Այս ամենի մասին խոսեց վարչապետը իր ելույթում:

«Ավելի հավակնոտ նպատակներ ենք մեր առջեւ դնում եւ դրա համար ունենք օբյեկտիվ հիմքեր: Մենք տեսնում ենք, որ մեր տնտեսությունը մտել է վերականգման փուլ», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը. - «Հասարակությունը մեզանից պահանջում է հաստատել արդարություն մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Եվ մենք դա անելու ենք»:

Հայ ազգային կոնգրեսից Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց վարչապետից, թե սկսնակ գործարարները կկարողանա՞ն մենաշնորհային շուկա մտնել, այսինքն շաքարավազ կամ վառելիք ներկրել:

«Կառավարությունը այդպիսի նպատակ չի կարող իր առջեւ դնել, որ ունենա 30 դիզվառելիք ներկրող սուբյեկտ: Շուկան է որոշում, թե 30-ը պետք է լինեն, թե 3-ը: Պետության նպատակն այն չէ, որ մենք խոշոր բիզնեսները բաղդատենք մասերի: Պետություն նպատակը հավասար մրցակցային պայմաններ ստեղծելն է, եւ եթե Հայաստանում կա մի որեւիցե տնտեսվարող, որը ուզում է զբաղվել շաքարի կամ վառելիքի ներկրմամբ, ապա չունենա սահմանափակում», - պատասխանեց վարչապետը:

Կառավարությունը իր ծրագրում, ընդ որում գերակայությունների շարքում գրել է, որ մարդն ու բնությունը պետք է ներդաշնակ ապրեն: Հայ հեղափոխական դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են լուծելու դարերով չլուծված խնդիրը:

«Էդքան լավատես չեմ, որ դուք հինգ տարվա մեջ մարդը եւ բնությունը կներդաշնակեցնենք: Իսկ եթե դա չեք կարողանալու անել, որը դժբախտաբար կանխատեսելի է, ինչո՞ւ եք ներառել այս ձեւակերպումը ձեր ծրագրում», - հետաքրքրվեց Ռուստամյանը:

«Ցանկացած ծրագիր իր մեջ պարունակում է գաղափարախոսական դրույթներ եւ համամարդկային սկզբունքներ, եւ մենք պատրաստ ենք ձեզ հետ աշխատելու հստակեցնելու այն դրույթները, որոնք, ըստ ձեզ, այնքան էլ հստակ չեն», - ասաց վարչապետը:

Լսելով վարչապետի 25 րոպեանոց ելույթը, հիմնականում ընդդիմադիր պատգամավորներից շատերը կարծիք հայտնեցին, որ ծրագրում բացակայում են իրագործման մեխանիզմները, ծրագրային դրույթները բարի ցանկությունների նմանեցրին: Ընդդիմադիրները խոսեցին նաեւ կառավարության մատնանշած արտաքին ռիսկերից, ասացին դոլարը միշտ էլ կարող է տատանվել, նավթի գները բարձրանալ, այսինքն միշտ էլ կարելի արդարանալ, թե ծրագիրը այդ պատճառով չիրականացավ: Նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց` ծրագիրը ծրագիր չէ, նույն կառավարության իրականացրած նախորդն էլ 100 տոկոսով, նրա կարծիքով, ձախողված էր:

«Ինձ թվում է` ժամանակն է, որ կառավարությունը հանգիստ թողնի աշխատատեղ բառը եւ 100 հազար թիվը: Նախ ինչո՞ւ եք 100 հազար աշխատատեղ ստեղծում, եթե ընդամենը 73 հազար գործազուրկ ունեք: Սերժ Սարգսյանը 2008-ին խոստացել էր 100 հազար աշխատատեղ ստեղծել: Սա մոդա է դարձել: Պաշտոնական տվյալներով զբաղվածների թիվը 2008-2011 թվականներին ավելացել է 1800 մարդով: Սերժ Սարգսյանի խոստումը կատարված է 1 տոկոսով», - հայտարարեց Բագրատյանը` շարունակելով. - «Կառավարությունը պլանավորում է 5-7 տոկոսի տնտեսական աճ. մի րոպե պատկերացնենք, թե դա կստացվի, բայց աշխարհը աճում է տարեկան 4 տոկոսով: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով մենք երեք անգամ համաշխարհային միջինից ետ ենք: Եթե մեր աճի տեմպերը սոսկ երկու տոկոսով են ավելի լինելու համաշխարհայինից, ապա աշխարհի միջինին հասնելու համար մեզնից կպահանջվի 57 տարի»:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին էլ կառավարության ներկայացրած ծրագիրը «կենացների ժողովածու» էր հիշեցրել:

«Ընդլայնվելու է, բարելավվելու է, ներդրվելու է, ապահովվելու է, վերանայվելու է, ստեղծվելու է… էս կենացներից, բոլորդ էլ Հայաստանում եք ապրում, սրա-նրա կնունքին լսում եք` լավ լինենք, մեր հզոր երկրի կենացը, մեր մշակույթի կենացը եւ խթանենք ծնելիությունը», - նկատեց Արզումանյանը:

Մեկ այլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց. - «Դուք բավական գունավոր ներկայացրեցիք իրավիճակը, բայց վիճակագրությունը, որին ես հավատում եմ, այլ բան է ներկայացնում: Բոլոր այն դրական բաների մասին, որ խոսեցիք, մեր ժողովրդի սոցիալական իրավիճակի գոնե կայուն պահպանման առումով, աշխատավարձերի վճարումների, սոցիալական վճարումների բարձրացման առումով, չասացիք, որ այդ բոլորը վերջ ի վերջո արվում էր պարտքերի միջոցով, այդ մասին մի բառ Ձեր բերանից այս մասին այստեղ դուրս չեկավ, որ մեր ազգային պարտքը 2008-ից, երբ դուք կառավարությունը ստանձնեցիք, 17 տոկոսից հասել է 45 տոկոսի»:

Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության ներկայացուցիչների հետ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

«Որեւէ լրջագույն փոփոխություն չի կատարվել: Նույն թիմը, նույն վարչապետի գլխավորությամբ, նույն քաղաքականությամբ, նույն փիլիոսոփայությամբ հավակնում է շարունակել այն գործը, որում չի հաջողել նախորդ կառավարության ծրագիրը իրականացնելիս», - հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:

Կառավարության ծրագիրը պաշտպանեցին «Օրինաց երկրի» եւ Հանրապետականի պատգամավորները, ողջունեցին եւ նորարարական համարեցին այն: Կառավարության ծրագրի շուրջ քննարկումները կշարունակվեն վաղը:

please wait

No media source currently available

0:00 0:06:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG