Մատչելիության հղումներ

Կառավարությունը «մտադիր է ուժեղացնել պայքարը» օլիգոպոլիաների դեմ


Գագիկ Մինասյան
Գագիկ Մինասյան
Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին ուժեղացնել պայքարը տնտեսությունում առկա օլիգոպոլ կառույցների դեմ, որոնք որպես խոչընդոտ են դիտվում մրցունակ տնտեսություն ստեղծելու ճանապարհին: Այդ մասին լրագրողների հետ երկուշաբթի կայացած հանդիպմանը հայտնեց իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` մանրամասնելով, որ դա Տիգրան Սարգսյանի գլխավորած նոր կառավարության գործունեության ծրագրի գերակայություններից է:

Կառավարությունն այսօր արտահերթ նիստում հաստատեց իր գործունեության նոր ծրագիրը, եւ այն հունիսի 20-ին կներկայացվի Ազգային ժողովին:

«Առանց այդ երեւույթի դեմ հաջող եւ արդյունավետ պայքարի, կառավարության գործունեության ծրագիրը արդյունավետորեն իրականացնել հնարավոր չէ: Իհարկե, խնդիրներ կան այդ դաշտում, որոնք, կարծում եմ, արդեն իսկ տալիս են իրենց լուծման պտուղները, հավանաբար հիշում եք, որ վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի կողմից չափազանց օպերատիվ եւ չափազանց ազդեցիկ եւ գործող քայլեր են կատարվում, մասնավորապես, այն տնտեսվարողների հետ, որոնք իսկապես գերիշխող դիրքի չարաշահում են իրականացնում», - ասաց ՀՀԿ-ի ներկայացուցիչը:

Գագիկ Մինասյանը մանրամասնեց, թե ՏՄՊՊՀ-ն առաջիկայում օժտվելու է նոր հնարավորություններով, այդ թվում` անսպասելի ստուգումներ անցկացնելու իրավունքով: Ըստ նրա, ներկայումս միջազգային տնտեսական զարգացումները ընդամենը «փոքր հույսեր են թողնում», որ Հայաստանի տնտեսական զարգացումը հնարավոր կլինի իրականացնել` հենվելով արտաքին տնտեսական բարենպաստ միջավայրի վրա:

«Հետեւաբար ծրագրում խնդիր է դրված առավելապես ներքին ռեսուրսների հիման վրա իրականացնել մեր տնտեսական զարգացումը: Ներքին ռեսուրսները դեռ բավականին հեռու են սպառված լինելուց, ու դրանցից մեկը հենց մրցակցության ավելի բարձր մակարդակն է, գերիշխող դիրքի չարաշահումների բացակայումը», - ասաց Մինասյանը:

Մինասյանի խոսքով, տնտեսության զարգացման հաջորդ կարեւոր ներքին ռեսուրսը, որն առաջիկա տարիներին կառավարությունը փորձելու է օգտագործել, լինելու է արտահանման ընդլայնումը, որի հետ կապված կառավարությունում արդեն իսկ մշակվել է համապատասխան ռազմավարություն:

ՀՀԿ-ի ներկայացուցիչը եզրափակեց` եթե նախորդ տարիներին կառավարությունը գլխավորապես զբաղված էր հակաճգնաժամային գործունեությամբ, ապա առաջիկայույմ գործադիրը փորձելու է կյանքի կոչել այն մասշտաբային տնտեսական ծրագրերը, որոնք կիսատ մնացին 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, անցած տարի Հայաստանի տնտեսությունը աճել է 4.7 տոկոսով: 2012 թվականի պետբյուջեով նախատեսված է, որ այս տարի տնտեսական աճը կլինի 4.2 տոկոս, չնայած միջազգային կառույցների գնահատականները կարծես թե այդքան էլ բարենպաստ չեն Հայաստանի համար: Օրինակ, Համաշխարհային բանկի (ՀԲ) օրերս հրապարակած զեկույցում նվազեցվել է Հայաստանի 2012 թվականի տնտեսական աճի վերաբերյալ բանկի կանխատեսումը` 4.3 տոկոսից հասնելով 4.1 տոկոս: Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի տնտեսական աճի կանխատեսումը ՀԲ-ի կողմից նվազեցվել է:

Պակաս ուշագրավ չեն Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները: Ըստ այդմ, եթե 2008 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 11.6 միլիարդ դոլար, ապա այս տարի այն կկազմի` 10.5 միլիարդ դոլար, այսինքն, ճգնաժամից չորս տարի անց էլ Հայաստանը չի կարողանում վերականգնել իր ՀՆԱ-ի մինչճգնաժամային ծավալները, ինչը, սակայն, ըստ հիմնադրամի, դեռ անցած տարի կարողացել էր անել հարեւան Վրաստան: Իսկ Ադրբեջանը իր ՀՆԱ-ի մինչճգնաժամային մակարդակը վերականգնել էր էլ ավելի շուտ` 2010-ին:

Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կասկած հայտնեց, թե կառավարությանը կհաջողվի արդյունավետ պայքար ծավալել օլիգոպոլիաների դեմ:

«Կարելի է ֆորմալ մի քայլ անել, ասել` տեսեք, օլիգոպոլիաների դեմ է, բայց այս հինգ տարում օլիգոպոլիաների տեսակարար կշիռը եւ հարկերում, եւ ՀՆԱ-ում ավելացել են», - ասաց նա:

Բագրատյանը ասաց, թե Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունում կարելի է հանդիպել բազմաթիվ գործիչների, ովքեր էլ հենց կանգնած են այդ օլիգոպոլ կառույցների ետեւում:

«Նրանք գտնելու են ձեւը, որ խաբեն... դրա համար, կարծում եմ, որ ոչ թե կարելի է եւ պետք է քննարկել նման հայտարարություններ, այլ կոնկրետ միջոցառումների ցանկը, թե ինչ են անելու», - ասաց ընդդիմադիր գործիչը:

please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG