ԶՈւ-ն Պոկրովսկի ուղղությամբ դադարեցրել են ռուսական բանակի առաջխաղացումը. Սիրսկի

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկի, արխիվ

Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզի Պոկրովսկի ուղղությամբ դադարեցրել են ռուսական բանակի առաջխաղացումը, CNN-ին ասել է ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

«Վերջին վեց օրվա ընթացքում հակառակորդը ոչ մի մետր առաջ չի գնացել Պոկրովսկի ուղղությամբ»,- ասել է Սիրսկին Կուրսկի շրջանում ուկրաինական և ռուսական բանակների առճակատման առաջընթացի մասին։

Օգոստոսի վերջին Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը հայտարարեց, որ ռուսական զորքերը Դոնեցկի մարզում այս ուղղությամբ մարտավարական նշանակալի հաջողությունների են հասել։ Սեպտեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ցամաքային ուժերը «բարձր հավանականությամբ գտնվում են ռազմավարական նշանականության Պոկրովսկից 10 կմ հեռավորության վրա»:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Կուրսկի գործողությունը հաջողված է համարում, քանի որ, ինչպես նշել է, այն նվազեցրել է հակառակորդի հարձակման վտանգը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ծրագրում էր հարձակվել Ուկրաինայի վրա Կուրսկի շրջանից։

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հիմնական նպատակը Ռուսաստանի Դաշնության սահմանային շրջանում «բուֆերային գոտի» ստեղծելն է։ Զելենսկին ասել էր, որ Կիևը ծրագրում է անորոշ ժամանակով պահել ռուսական տարածքը։
  • Իր հերթին, ՌԴ նախագահը երեկ ասել է, որ Ռուսաստանը «աստիճանաբար դուրս է մղում» ուկրաինական զորքին Կուրսկի մարզից՝ զուգահեռաբար սաստկացնելով հարձակումները Դոնբասում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ը «աստիճանաբար դուրս է մղում» ուկրաինական զորքին Կուրսկից՝ սաստկացնելով հարձակումները Դոնբասում. Պուտին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ծրագրում է անորոշ ժամանակով պահել իր գրաված ռուսական տարածքները. Զելենսկի