Ռուսական բանակն ընդարձակում է առաջխաղացումը ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկի ուղղությամբ, ընդամենը մի քանի օրում ռուսներին հաջողվել է գրավել Ուկրաինայի զինված ուժերի հենակետերից մեկը՝ Նովոգրոդովկան, հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ այս դիրքերից արդեն ռուսները հիմա կարող են հարձակվել մարզկենտրոնի վրա։
Ուկրաինայի իշխանությունները մի քանի օր է՝ տարհանում են Պոկրովսկի ու հարակից Միրնոգրադի բնակիչներին։ Բայց բոլորը չէ, որ համաձայնում են թողնել իրենց բնակարանները:
Ուկրաինական DeepState վերլուծական նախագիծը պնդում է, որ ռուսները գրեթե ամբողջությամբ օկուպացրել են Նովոգրոդովկան, ինչը նշանակում է, որ առաջնագիծն այժմ անցնում է Պոկրովսկից 10 կիլոմետր հեռավորության վրա։
Մինչ պատերազմը 60 հազար բնակչություն ունեցող այդ քաղաքն առանցքային նշանակություն ունի ուկրաինական ուժերի համար, քանի որ հենց այդտեղով է անցնում ռազմական մատակարարման գիծը։
«Ուկրաինացիների նահանջում են ոչ միայն ռուսների ռազմական առավելության, այլև սեփական անկազմակերպվածության պատճառով», - «Ազատության» "Настоящее время" ծրագրի եթերում կարծիք է հայտնել ուկրաինացի ռազմական լրագրող Յուրի Բուտուսովը:
Վերջին չորս ամիսների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը միայն Պոկրովսկի ուղղությամբ կորցրել են ավելի քան 20 բնակավայր։ Իսկ ռուսական բանակը շարունակում է առաջ գնալ։
Զուգահեռ, հարվածների տակ են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը:
Վերջին չորս օրերի զանգվածային հարձակումների հետևանքով Ուկրաինայի մի շարք մարզերում խոցվել են էներգետիկ օբյեկտներ, հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայի մատակարարումներից։
Ուկրաինական կողմն էլ դիրքավորվում է Կուրսկի մարզում։ Ըստ անկախ փորձագետների՝ այս ամսվա սկզբից սկսված ներխուժման արդյունքում ուկրաինացիները Ռուսաստանում ավելի շատ տարածք են գրավել, քան ռուսները՝ Դոնբասում։
Այսօր նոր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես է ուկրաինական զինուժը նռնակներ նետում Կուրսկում ռուսական ուժերի ուղղությամբ։ Reuters-ը արբանյակային լուսանկարների օգնությամբ հաստատել է տեսանյութի իսկությունը։
Անհանգիստ է նաև Ռուսաստանի սահմանամերձ մեկ այլ՝ Բելգորոդի մարզում, որտեղ իշխանությունները շարունակում են տարհանել բնակչությանը՝ անվտանգության նկատառումներով։
Կուրսկից հեռացած տասնյակ ռուսաստանցիներ Reuters-ին ասել են՝ վստահ չեն, որ հեռվում իրենց տունը կանգուն է մնացել։
«Այս իրադարձություններից հետո կյանքը փոխվեց, իմ կարծիքով՝ ոչ դեպի լավը, քանի որ մենք մեր տանը չենք ապրում: Իհարկե, մեզ օգնում են, բայց հոգուս մեջ ցավ կա։ Հետևում ենք թողել այն, ինչ մեր ընտանիքը կուտակել էր, այն, ինչ կառուցել էինք տարիների ընթացքում։ Ստիպված ինչ-որ պահի թողեցինք ամեն ինչ ու դուրս եկանք: Թե ինչ կլինի հետո, դեռ պարզ չէ։ Առայժմ դիմանում ենք, ուրիշ տարբերակ չկա», - ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Մոսկվան այսօր կրկին հայտարարել է, թե Ուկրաինայի ներխուժումը Կուրսկ անհնարին է դարձրել բանակցություններն ու հակամարտությունը կարգավորելու այն առաջարկը, որ հունիսին նախագահ Պուտինն էր ներկայացրել։
«Բանակցությունների մեր պատրաստակամությունը չպետք է որևէ մեկի մոտ կասկած հարուցեր, թեև, իհարկե, Կուրսկի շրջանում արկածախնդրությունից հետո այս հարցի շուրջ ցանկացած խոսակցություն դառնում է անտեղի», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Կիևն ի սկզբանե էր մերժել Պուտինի առաջարկը, ըստ որի՝ Ուկրաինան պետք է հրաժարվեր արևմտյան դաշինքներին միանալու նկրտումներից և չորս շրջաններից։ Արդեն ավելի քան երկու տարի շարունակվող պատերազմի սկզբից ի վեր Կիևը հայտարարում է՝ սեփական տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող որևէ լուծում չի ընդունի։
Այս ֆոնին Ուկրաինայի արտգործնախարարը մեկնել է Բրյուսել, որտեղ այսօր բանակցում է Եվրամիության արտգործնախարարների հետ։ Ըստ Դմիտրի Կուլեբայի՝ Կիևի հիմնական նպատակն է համոզել դաշնակիցներին, որ թույլ տան Ուկրաինային օգտագործել արևմտյան զենքը ռուսական թիրախներին հարվածելու համար։