Ըստ Թովմասյանի պաշտպանի՝ Փաշինյանն ուղղորդում էր ՍԴ նախագահի դեմ քրեական հետապնդումը

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը և իր պաշտպանները դատարանում, 2-ը սեպտեմբերի, 2024թ.

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի դատավարությունն ավարտվում է։ Պաշտպաններն այսօր ճառերն ընթերցեցին, պաշտպաններից Միհրան Պողոսյանը վարչապետ Փաշինյանին մեղադրեց, թե ուղղորդել է Թովմասյանի դեմ այս քրեական հետապնդումը։

« ... Հատուկ քննչական ծառայության և Դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացմանը, և ըստ էության ուղղորդելով քննությունը՝ Նիկոլ Փաշինյանը այդ կառույցների առանձին պաշտոնատար անձանց փաստացի դրդում էր ապօրինի վարքագիծ դրսևորելու, այն է՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի բացակայության պայմաններում Հրայր Թովմասյանի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ անելու, որոշակի փաստերի ոչ իրավաչափ իրավական գնահատական տալու, ինչպես նաև չհիմնավորված որոշումներ կայացնելու, ինչին ականատես եղանք նաև սույն գործի քննության ընթացքում», - հայտարարեց Պողոսյանը:

Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց հեղափոխությունից հետո, երբ նա Սահմանադրական դատարանի նախագահ էր։ Նա մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ քրեական գործի՝ Թովմասյանն իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող անձի հետ խոչընդոտել է նոտարներին գնել Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան 1 հասցեում գտնվող նոտարների շենքի տարածքը և ինքն է այն ձեռք բերել։

Թովմասյանը մեղադրանքը չի ընդունում, չորս տարուց ավելի ձգձգվող այս գործը քաղաքական է որակում։ Նրա դեմ քննությունը սկսվեց այն փուլում, երբ իշխող ուժը փոխում էր Սահմանադրական դատարանի կազմը: Այդ ժամանակ Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացվեց, բայց շարունակեց աշխատանքը որպես դատավոր։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ուղղվածությունը և գործողությունների բնույթը թույլ են տալիս եզրակացնելու, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ապօրինի գործընթացներ հրահրելով և դրանք ուղղորդելով՝ բացահայտ փորձ է արվում Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանալ Սահմանադրական դատարանի լիազորություններին», - այսօր դատարանում ասաց Միհրան Պողոսյանը:

Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր պնդում էր, թե քրեական գործն իրավաչափ չէ։ Այն հարուցվել է չբացահայտված տեղեկությունների հիման վրա, վկաներն արժանահավատ փաստարկներ չեն ներկայացրել։

«Ազատության» հետ զրույցում Օրբելյանը հայտարարեց. - «Մեղադրանք առաջադրելու որոշումում մեղադրանքը ձևակերպված է ընդհանրական, դրա մեջ առանձնացված չի եղել Թովմասյանին վերագրվող գործողությունները որևէ կերպ, այդ ընդհանրական ձևակերպումների շրջանակներում փորձ է արվում ընդհանրական քողարկել, պայմանական ասած, ինչ-որ ենթադրյալ վատ բան: Բացի դրանից, ցույց տվեցինք, որ նույնիսկ այդ «ենթադրյալ վատ բանը» նույնպես առկա չի, վկաների ցուցմունքներով, գրավոր ապացույցների ուսումնասիրությամբ, վկաների ցուցմունքների համադրությամբ նկարագրեցինք, որ ըստ էության չի հաստատվում Հրայր Թովմասյանի կողմից որևէ՝ արարք ասեմ, գործողություն ասեմ, կատարելը, որը կարող է որակվել Քրեական օրենսգրքի որևէ հոդվածով: Եվ, համապատասխանաբար, այս ամբողջը՝ բացի ֆորմալից, նաև՝ բովանդակային, պետք է կայացվի արդարացման դատավճիռ»:

Դատական նախորդ նիստերից մի քանիսին Թովմասյանը չէր ներկայացել, դատարանն անգամ նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ Մեղադրողը պնդել էր, թե Սահմանադրական դատարանի անդամը միտումնավոր է ձգձգում դատական գործընթացը, քանի որ ընդամենը մի քանի ամսից՝ դեկտեմբերին լրանում է այս գործի վաղեմության ժամկետը։

Դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում։ Փաստացի, եթե դեկտեմբերից հետո դատարանը մեղավոր ճանաչի Թովմասյանին, նա չի ազատազրկվի։

Պաշտպաններն իրենց հերթին պնդում են, որ իրավապահները չէին կարող անձեռնմխելիություն ունեցող դատավորին մեղադրանք առաջադրել առանց Սահմանադրական դատարանի համաձայնության։

Հրայր Թովմասյանն այսօր չհասցրեց ելույթ ունենալ։

Դատարանի վճիռը կհրապարակվի մտքերի փոխանակումից ու Հրայր Թովմասյանի ճառից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ինքնակամ ներկայացավ դատարանԴատարանը որոշեց բերման ենթարկել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին Մեղավոր ճանաչվելու դեպքում Թովմասյանը, եթե չազատազրկվի էլ, կկորցնի ՍԴ դատավորի պաշտոնը