Մատչելիության հղումներ

Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Հրայր Թովմասյանի համար


Հրայր Թովմասյան, արխիվ
Հրայր Թովմասյան, արխիվ

4.5 տարվա դատավարությունից հետո դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի համար։

«Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ x-y-z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի, x-y-z քայլերը հրաժարական տալն էր», - «Ազատության»-ը փոխանցել էր Թովմասյանը։

Անցած տարիներին Հրայր Թովմասյանս այս քրեական գործի մասին շատ բան չի խոսել, դատական նիստերին էլ հենց նրա պահանջով նկարահանումն արգելված էր։

Փաստաբան Արամ Օրբելյանն արձակուրդում գտնվելու պատճառով չցանկացավ անդրադառնալ դատախազի ներկայացրած պատժաչափին։ Հայտնի է միայն, որ երեկվա դատական նիստն անցել է առանց փաստաբանի, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրա բացակայությունը ճանաչել է անհարգելի ու հանրային պաշտպան ներգրավել Բարձր դատարանի դատավորի համար։

Թովմասյանի հետ ևս հնարավոր չէ կապ հաստատել։ Տարիներ առաջ, լրագրողների հետ զրույցում, նա ասել էր, որ այս գործը ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական է։

«Մեղադրանք առաջադրելն ինձ համար 308-ի 2-րդ մասով ոչ մի բան իմ կյանքում չի փոխել և չի էլ կարող փոխել։ Մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ քննիչի հետ, և իրեն ասացի, որ ես որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցեսների մեջ։ Այս առումով մենք բաժանվեցինք, ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց», - ասաց Հրայր Թովմասյանը։

2018-ին Բարձր դատարանի նախագահ ընտրված Թովմասյանը նկատի ուներ, որ նոր իշխանության եկած վարչապետ Փաշինյանն ուզում էր ազատվել իրենից ու մյուս դատավորներից։ Իշխանության նախաձեռնած գործընթացի արդյունքում Թովմասյանը վաղաժամ զրկվեց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, բայց շարունակեց պաշտոնավարել որպես դատավոր, ևս 3-ն ազատվեցին աշխատանքից։

2019-ին Թովմասյանի դեմ հարուցված գործն առնչվում է նրա՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին։ Ըստ դրա՝ Թովմասյանն այնպես է արել, որ իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ միասին կարողացել են Երևանի Բաղրամյան 1 հասցեում գտնվող հայտնի նոտարների շենքի տարածքները գնել՝ նոտարներին զրկելով այդ հնարավորությունից։ Դրանից հետո տարածքները նոտարներին վարձով են տվել։ Ըստ իրավապահների, Թովմասյանը որպես վարձակալության գումար ստացել է ավելի քան 11 միլիոն դրամ, բացի այդ Հրայր Թովմասյանին փաստացի պատկանող տարածքների նորոգման համար Նոտարական պալատի բյուջեից ծախսվել է ավելի քան 2 միլիոն դրամ։

Մեղքը չընդունող դատավորի քրեական գործում մեկ խնդիր կա. նրա փաստաբանները տարիներ շարունակ հայտարարում են, որ Բարձր դատարանի դատավորն անձեռնմխելի է, և որ դատախազությունը չէր կարող առանց Սահմանադրական դատարանի համաձայնության՝ քրեական հետապնդում սկսել։ Փաստաբան Միհրան Պողոսյանն էր այս մասին ընդգծել։

«Հաշվի առնելով, որ պարոն Թովմասյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ և նախագահ էր ընտրվել 2005 թվականի գործող Սահմանադրության հիման վրա, վերջինս օժտված էր ամբողջական անձեռնմխելիության իրավունքով, գործընթացներ Գլխավոր դատախազության կողմից չեն իրականացվել՝ Սահմանադրությանն ինչ-որ մեկնաբանություն տալով։ Գործառութային անձեռնմխելիության հետ կապված է խնդիր առաջացնում, բայց ամեն դեպքում գլխավոր դատախազը պետք է նախորդ Սահմանադրության հետ կապված գործողություններ իրականացներ», - ասել է նախկին փաստաբանը։

Մինչդեռ, ըստ դատախազության, նման խնդիր չկա։ Դատախազությունից ավելի վաղ «Ազատության»-ն ասել էին, որ քրեական այս գործը հարուցվել է 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության գործողության ժամանակ, հետևաբար քրեական հետապնդում իրականացնելիս կիրառվում են այժմ գործող օրենքները: Այսինքն՝ 2015 թվականի Սահմանադրությունը, ի տարբերություն 2005 թվականի Սահմանադրության, Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանում է բացառապես գործառութային անձեռնմխելիություն։ Եվ քանի որ մեղադրանքը որևէ կապ չունի դատավորի գործունեության հետ, հետևաբար՝ Հրայր Թովմասյանին դատավորի գործունեությունից չբխող արարքի համար պատասխանատվության կանչելիս անձեռնմխելիություն չի կիրառվում:

Ամեն դեպքում, գործն արդեն մոտեցել է ավարտին, հաջորդ դատական նիստին սպասվում է, որ փաստաբանները պետք է հանդես գան պաշտպանական ճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG