Ըստ Սեուլի՝ Կուրսկի շրջանում հյուսիսկորեացի 300 զինվոր է սպանվել

Կուրսկի շրջանում գերեվարված հյուսիսկորեացի զինծառայողներից մեկը, 11-ը հունվարի, 2025թ․

Կուրսկի շրջանում ավելի քան 300 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել, հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական հետախուզությունը։

Հետախուզական ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հյուսիսկորեացիների կորուստների թիվը հասնում է 3 հազարի, այդ թվում՝ 2 հազար 700 վիրավոր։

Դեկտեմբերին հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ Կուրսկի շրջանում շուրջ 100 հյուսիսկորեացի զինվոր է սպանվել, մոտ հազարը՝ վիրավորվել։

Սեուլը նաև հաստատել է, որ Ուկրաինան գերի է վերցրել երկու հյուսիսկորեացի զինվորի։

Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր պնդել, որ իր անվտանգության ծառայությունը հարցաքննում է Ռուսաստանի Կուրսկի շրջանում գերի ընկած երկու մարտիկի։

Անցյալ աշնանը Հյուսիսային Կորեան մոտ 11 հազար զինվոր ուղարկեց Կուրսկի շրջան՝ ռուսական զորքերին աջակցելու համար։ Մոսկվան հետ է գրավել տարածքի մոտ 40 տոկոսը, սակայն ուկրաինական զորքերը դեռևս վերահսկում են Կուրսկում ավելի քան 500 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ Փհենյանի զորքերը, ըստ տեղեկությունների, հսկայական կորուստներ են կրում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինացի զինվորականները Կուրսկի ուղղությամբ զոհված ռուս զինվորների լուսանկարներ են հրապարակել, նրանց հետ նաև հյուսիսկորեացի