Ուկրաինացի զինվորականները հակառակորդ զինվորների լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել, որոնք սպանվել են Կուրսկի ուղղությամբ վերջին հարձակումների ժամանակ, նրանց հետ նաև հյուսիսկորեացիներ կան, գրում է "Схемы"-ը, որն «Ազատության» ուկրաինական ծառայության նախագիծն է։
Լուսանկարները տրամադրել են Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրները։ Կադրերի իսկությունը լրագրողները չեն կարող ստուգել։ Լուսանկարներում տասնյակ զինվորների մարմիններ են ոչնչացված տեխնիկայի ֆոնին։
Դեկտեմբերի 14-ին գրոհներում ռուսական բանակի կորուստների մասին գրում է նաև ուկրաինական "Мадьяр" տելեգրամյան ալիքը։
Ռուս ռազմական փորձագետ Յան Մատվեևն ավելի վաղ իր տելեգրամյան ալիքում լուսանկար էր հրապարակել, որտեղ իբր պատկերված են Հյուսիսային Կորեայի զինվորները Կուրսկի շրջանում Ռուսաստանի 810-րդ ծովային բրիգադի զինվորների հետ միասին։
Ռազմական լրագրող Սերգեյ Օսլենդերն էլ գրել է, թե «հյուսիսկորեացի զինվորականների առաջին կիրառումը Կուրսկի շրջանի Պլեխովո գյուղի մոտակայքում գտնվող ուկրաինական դիրքերի ուղղությամբ էր»:
Դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի դեմ հյուսիսկորեական զորքերի կիրառման մասին։
Հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանում մի քանի հազար հյուսիսկորեացի զինվորական կա։ Պենտագոնը նրանց թիվը գնահատել էր 11 հազար։