Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ընթացքում Հյուսիսային Կորեայի 1100 զինվոր է զոհվել, հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Ըստ հետախուզական տվյալների՝ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ ուժեր և ռազմական տեխնիկա կուղարկի Ռուսաստան:
«Բազմաթիվ հետախուզական զեկույցների համապարփակ գնահատումը ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռոտացիայի ենթարկել կամ ավելացնել իր զորքերի տեղակայումը [Ռուսաստանում]»,- հայտարարում են Սեուլից՝ նշելով, որ Հյուսիսային Կորեան կարող է Ռուսաստանին նաև հարձակողական անօդաչու սարքեր մատակարարել։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հայտնել էին, որ Կիմ Չեն Ընը նոյեմբերին ԱԹՍ-ների փորձարկում է դիտարկել, ապա կոչ արել լայնածավալ արտադրություն իրականացնել։
Ուկրաինական պատերազմում Հյուսիսային Կորեայի մի քանի հարյուր զոհի ու վիրավորների մասին հայտարարել էր նաև Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան՝ փակ ճեպազրույցում՝ նշելով, որ ուկրաինական ուժերը գրոհել են այն հրամանատարական կետերի և դիրքերի վրա, որտեղ տեղակայված են հյուսիսկորեական զորքերը։
Դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի դեմ հյուսիսկորեական զորքերի կիրառման մասին։ Պենտագոնը նրանց թիվը գնահատել էր 11 հազար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան պնդում է, որ իր զորքերը սպանել կամ վիրավորել են առնվազն 30 հյուսիսկորեացի զինվորի