Ըստ փաստաբանի՝ ՀՀ-ի քայլերը բավարար չեն Արցախի գերեվարված ղեկավարությանն ազատ արձակելու համար 

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը Բաքուն կրկին երկարաձգել է։

Օրեր առաջ էլ երկարաձգել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանական բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետը։ Թե քանի ամսով, այս անգամ չեն հաղորդում։

Ադրբեջանական դատախազությունը լրացրել է նաև նրանց մեղադրանքները, մինչդեռ հայտարարել էին, թե նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում սկսվելու է դատավարության փուլը։ Հիմա էլ Արայիկ Հարությունյանին մեղադրում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռակոծության համար։ Ինչպես բոլոր մեղադրանքները, սա էլ միջազգային դատարաններում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը շինծու է որակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն երկարաձգել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը

«Չի կարող ապահովվել անաչառ և անկախ քննություն՝ թե հասարակությունը, թե դատավորները իրենց ատելության դրսևորումները նաև բավարարելու պահանջմունքներ ունեն, որի ձևերից մեկը լինելու է մեղադրական կամ իրավունք սահմանափակող դատական ակտերի կայացումը», - «Ազատությանն» ասաց նա։

Սիրանուշ Սահակյանի կանխատեսմամբ՝ դատավարությունները կսկսվեն հաջորդ տարի, իսկ այս ընթացքում նոր մեղադրանքներով ու կալանքի ժամկետը երկարաձգելու հաղորդագրություններով բավարարում են ադրբեջանական հանրության սպասումները։

«Նրանք նաև նյուրենբերգյան դատավարությունների մեծ ակնկալիքներ ունեն, ու այս ներքաղաքական նպատակով օգտագործվող սպասումները չէին կարող արդարացվել այս կետում, ուստի այս հաղորդագրությունների միջոցով ընդամենը հասարակությանը հանգստացնում են, որ գործընթացները ընթանում են, և հետևողականորեն պատժվելու են Արցախի նախկին ղեկավարները», - շեշտեց Սիրանուշ Սահակյանը։

Արցախի վրա հարձակվելուց ու այն հայաթափելուց հետո Ադրբեջանը գերեվարեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Եթե դատարանն այդ մեղադրանքները հաստատի, նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բողոքի ակցիա՝ Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ու մյուսներին ազատ արձակելու պահանջով

Հայաստանի վարչապետը մշտապես վստահեցնում է, թե ամեն օր աշխատում են Բաքվի բանտերում պահվող ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, վերջին ասուլիսում որպես օրինակ նշել էր անցած դեկտեմբերի 32 հայ գերիների վերադարձը։ Բայց, Արցախի նախկին պաշտոնյաներին ազատ արձակելու ուղղությամբ փաստաբանը թիրախավորված, նպատակաուղղված քայլեր չի նկատում։

«Միջպետական «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գանգատի շրջանակներում դրված են իրավունքների խախտման բազմաթիվ հարցեր, և ի թիվս այդ հարցերի բարձրաձայնված են Արցախի նախկին ղեկավարության ձերբակալման, կալանավորման և պատանդ լինելու հանգամանքները, բայց այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է առանձին, ինքնուրույն, օրինակ՝ 5-րդ միջպետական գանգատը ներկայացնել և հատուկ անդրադառնալ Արցախի ղեկավարության իրավունքներին, սակայն դա չի արվել նման ընթացակարգերով, արդեն իսկ վկայում է, որ հատուկ ուշադրության ներքո այս հարցը չի գտնվում», - հավելեց իրավապաշտպանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ վերաբերմունքը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է. Արա Ղազարյան

Միջազգային դատարաններում հայ ռազմագերիներին ներկայացնող Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ պետությունը պետք է հստակ ռազմավարությամբ, ագրեսիվ, ակտիվ դիվանագիտական ջանքերով աշխատի։ Մինչդեռ Փաշինյանի կառավարության քայլերը, ըստ փաստաբանի, բավարար չեն Արցախի գերեվարված պաշտոնյաներին ազատ արձակելու համար։