Բաքվի բանտերում պահվող Արցախի բարձագույն նախկին ղեկավարության, պաշտոնյաների ու մյուս գերիների ազատ արձակման պահանջով մի քանի տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ Արցախի օմբուդսմենները հավաքվել են Հայաստանի արտգործնախարարության շենքի առջև:
Ակցիայի մասնակիցները պաշտոնական Երևանին ու միջազգային հանրությանը հորդորում են մինչ Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովը Բաքվից պահանջել գերիների անհապաղ ազատ արձակումը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։
Ակցիայի մասնակիցներն ավելի վաղ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև էին: Նախատեսում են լինել նաև Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպանատների առջև՝ իրենց պահանջներով նամակները փոխանցելու համար:
Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարվածների շարքում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։