Վրաստանում բողոքի ցույցերի չորրորդ գիշերը ևս անցել է ոստիկանության հետ բախումներով ու ձերբակալություններով։
Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ են կիրառվել, ոստիկանները նաև բռնություն են գործադրել ցուցարարների նկատմամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Գիշերվա ընթացքում 37 հոգի հիվանդանոց է տեղափոխվել, բողոքի ակցիայի վերջին օրերին ավելի քան 200 ցուցարար է բերման ենթարկվել։ Այսօր առավոտյան բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել նաև վրացական ընդդիմադիր «Գիրչի. ավելի շատ ազատություն» կուսակցության և «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:
«Պաշտպանում եմ իմ եվրոպական ապագան և իմ երկրի ժողովրդավարությունը»
Չնայած ոստիկանական կոշտ գործողություններին՝ Ռուսթավելի պողոտայից չհեռացող ցուցարարներն ասում են, որ դուրս են եկել եվրոպական ապագայի համար ու կեղծված խորհրդարանական ընտրությունների դեմ։
«Ես այստեղ եմ շատ պարզ պատճառով՝ պաշտպանելու իմ եվրոպական ապագան և իմ երկրի ժողովրդավարությունը։ Մենք մասնակցել ենք ընտրություններին, և դրանք ակնհայտորեն կեղծվել են։ Մինչ այժմ մենք մեր ուժերի չափով ամեն ինչ արել ենք, որ ցույց տանք՝ մենք եվրոպական ապագայի ենք ձգտում և հիմա էլ մենք պետք է պաշտպանենք մեզ, մեր երկիրը, մեր ժողովրդին ու որ ամենակարևորն է՝ մեր ապագան», - հայտարարում է ցուցարարներից մեկը:
«Մենք չենք ուզում լինել Ռուսաստանի մաս: Մենք ուզում ենք լինել Եվրոպայի մաս, մենք պատկանում ենք Եվրոպային: Եվ սա մեր առաջին պահանջն է, որ մենք պատկանենք Եվրոպային: Մենք ցանկանում ենք լինել զարգացման մաս, մենք ցանկանում ենք լինել կայունության և լավագույն կյանքի մաս, այդ իսկ պատճառով մենք կանգնած ենք այստեղ և վտանգում ենք մեր կյանքն ու առողջությունը, կարծում եմ՝ մեր նպատակի համար արժե», - նշում է մյուսը:
Պեսկովը և Կոբախիձեն զուգահեռ են անցկացնում Մայդանի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հայտարարել է, որ իշխանությունները ցուցարարների հետ բանակցությունների չեն գնա։
Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձություններն այսօր մեկնաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հայտարարելով․ - «Ամենաուղիղ զուգահեռները կարելի է անցկացնել ուկրաինական Մայդանի հետ, կան բոլոր նշանները, որ փորձ է արվում իրականացնել նարնջագույն հեղափոխություն, Վրաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար: Բայց կրկնեմ՝ դա Վրաստանի ներքին գործն է, մենք այդ գործերին չենք խառնվում»։
Ուշագրավ է, որ տեղի ունեցողը «մայդան» է անվանում նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, միևնույն ժամանակ հայտարարելով, որ մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցության բանակցությունները դադարեցնելու իրենց որոշումը չի նշանակում Վրաստանի եվրոպական ուղուց հրաժարվել։
«Ոչ ոք չի դադարեցրել Վրաստանի եվրոպական ինտեգրումը, մենք լիովին հավատարիմ ենք եվրաինտեգրմանը», - վստահեցրել է վարչապետը:
Թեև Կոբախիձեն այս մասին հայտարարում է արդեն որերորդ անգամ, սակայն ցուցարարներին կարծես սա չի համոզում։ Չի համոզում նաև Բրյուսելին։ Մինչ Կոբախիձեն հայտարարում է, որ մինչև 2028 թվականը Վրաստանը կատարած կլինի Եվրամիության պահանջների մեծ մասն ու 90 տոկոսով պատրաստ կլինի ինտեգրացիային, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրահանձնաժողովին «անհապաղ» պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ՝ շեշտելով, որ Վրաստանում «ավտորիտար պետության բռնազավթման գործընթաց է ընթանում»։
Զուրաբիշվիլին չի պատրաստվում հեռանալ նախագահականից
Մինչ այդ, բուն խորհրդարանական ընտրությունների շուրջ էլ տարաձայնությունները պահպանվում են։ Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը, ինչպես նաև երկրի արևմտյան գործընկերները չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում, իսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 16-ին, օրերս հայտարարեց, որ կշարունակի նախագահի իր պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ նոր լեգիտիմ խորհրդարանը նախագահ չի ընտրել։
Վրաստանի իշխանությունները բացառում են նոր խորհրդարանական ընտրություններն ու հայտարարում, որ Զուրաբիշվիլին նախագահի ընտրությունից հետո պետք է լքի իր պաշտոնը։
«Տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին չորս ուրբաթ է մնացել, և նա չի կարողանում համակերպվել այդ մտքի հետ: Ես հասկանում եմ նրա էմոցիոնալ վիճակը, բայց, իհարկե, դեկտեմբերի 29-ին նա պետք է լքի իր նստավայրը և շենքը հանձնի օրինական ընտրված նախագահին», - հայտարարել է Կոբախիձեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայացքները՝ ծայրահեղ աջ, ինքը՝ «տղամարդու մարմնավորում»․ ֆուտբոլային աստղը՝ Վրաստանի նախագահի թեկնածուՄեկնաբանելով Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը՝ վարչապետը նշել է, որ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը փորձում է «դժվար ժառանգություն» թողնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Կոբախիձեն հայտարարել է, որ այդ որոշումը ժամանակավոր բնույթ ունի։
Եվրամիության անդամ բալթյան երկրները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, պատժամիջոցներ են սահմանել ու արգելել են իրենց երկրներ մուտքը «Վրացական երազանք»-ի հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և մի շարք պաշտոնյաների համար, նրանց թվում են ներքին գործերի նախարարն ու փոխնախարարները, ոստիկանության և հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի ղեկավարները։
Միևնույն ժամանակ, Գերմանիան այսօր հայտարարել է, որ դեռ սատարում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտին, և որ «Եվրոպայի դռները բաց են մնում Վրաստանի համար, բայց կարևորն այն է, որ Վրաստանը որոշի գնալ այս ճանապարհով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լիտվան պատժամիջոցներ սահմանեց Իվանիշվիլիի և վրաց 10 պաշտոնյաների դեմԹբիլիսիում վերջին օրերի ակցիաների ժամանակ, ըստ երկրի ՆԳՆ-ի, 224 մարդ է բերման ենթարկվել Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբՎրաստանում վերսկսվել են ցույցերը. ոստիկանությունը ջրցան է կիրառումԱրցունքաբեր գազ, հրդեհ խորհրդարանում. Թբիլիսիում ցույցերի 4-րդ օրն է