Մատչելիության հղումներ

Հայացքները՝ ծայրահեղ աջ, ինքը՝ «տղամարդու մարմնավորում»․ ֆուտբոլային աստղը՝ Վրաստանի նախագահի թեկնածու


Վրաստան - Միխեիլ Կավելաշվիլին՝ երկրի նախագահի «Վրացական երազանք»-ի թեկնածու, Թբիլիսի, 27-ը նոյեմբերի, 2024թ.
Վրաստան - Միխեիլ Կավելաշվիլին՝ երկրի նախագահի «Վրացական երազանք»-ի թեկնածու, Թբիլիսի, 27-ը նոյեմբերի, 2024թ.

Վրաստանի իշխող ուժը նախագահի պաշտոնում առաջադրում է ծայրահեղ աջ հայացքներով քաղաքական գործիչ, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիին։

Մարզադաշտից խորհրդարան տեղափոխված և վերջին տարիներին պատգամավորական գործունեությամբ զբաղվող ֆուտբոլային աստղը հայտնի է որպես Վրաստանի թերևս ամենաաղմկահարույց և Թբիլիսիի համար բեկումնային դարձած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի համահեղինակ։

«Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, որին Վրաստանի դաշնակիցները մեղադրում են եվրոպական արժեքներից, ազատական սկզբունքներից հրաժարվելու և երկիրը Մոսկվայի ազդեցության գոտի վերադարձնելու համար, այսօր հնչեցնելով նախկին ֆուտբոլիստի անունը որպես նախագահի թեկնածու, պնդեց՝ Կավելաշվիլին վրացի տղամարդու մարմնավորում է, հրաշալի ամուսին և չորս երեխաների հայր։ «Ես վստահ եմ, որ Միխեիլ Կավելաշվիլին լիովին կվերականգնի նախագահի ինստիտուտից ժամանակավոր խլված արժանապատվությունը», - հայտարարեց Իվանիշվիլին:

Վրաստանի ամենահարուստ քաղաքական գործչի աջակցության շնորհիվ էր հինգ տարի առաջ «Վրացական երազանք»-ի թեկնածու ընտրվել նաև այժմ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վերջինիս և Իվանիշվիլիի առաջնորդած կուսակցության ջրերը սկսեցին նույն առվով չհոսել Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ֆոնին, երբ իշխող ուժը հրաժարվում էր կանգնել երբեմնի դաշնակից Կիևի կողքին, իսկ գործող նախագահը պնդում էր, որ երկիրը պետք է միանա Արևմուտքին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։

Զուրաբիշվիլիի զբաղեցրած խորհրդանշական և արարողակարգային պաշտոնին հավակնող նախկին ֆուտբոլային աստղը, որն 90-ականներից սկսած փայլուն կարիերա է ունեցել եվրոպական առաջատար ակումբներում, այսօր ներկայացնում է Վրաստանի թերևս ամենաահակաարևմտյան թևը։ Քաղաքական գործիչը պարբերաբար պնդում է, թե իբր Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում գործում է «պատերազմի գլոբալ կուսակցություն», որը փորձում է Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել՝ երկիրը ներքաշելով Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ:

«Եթե դուք այնպիսի կյանք եք ուզում, որտեղ մենք կգործենք ուրիշի հրահանգով և կուրորեն կընդունենք այն, ինչ ասում է Եվրոպան, ես չեմ ուզում այդպիսի Եվրոպա կամ քաղաքացիներ, ովքեր փակ աչքերով վստահում և ընդունում են ամեն ինչ: Դա Եվրոպա չէ։ Ես ապրել եմ Եվրոպայում, իսկ այս ամենը եվրոպական արժեքների մասին չեն», - հայտարարում է Կավելաշվիլին:

Միխեիլ Կավելաշվիլին, որին հովանավորող քաղաքական ուժը շարունակում է պնդել, թե Թբիլիսիի վերջնական կանգառը Բրյուսելն է, այդուհանդերձ, պնդում է ՝ Եվրամիությանն անդամակցությունը Վրաստանի համար ինքնանպատակ չէ:

Վրացական աղբյուրներն, ի դեպ, հիշեցնում են, որ եվրոպական արժեքները դատափետող գործչի զավակները ոչ թե հայրենի Վրաստանում, այլ հենց Եվրոպայում են ծնվել՝ Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում:

«Մենք կարող ենք կատակել, բայց Իվանիշիվիլին իր նախագահ է դարձում ամենամոլի հակաարևմտյան գործչին։ Լկտի և անգրագետ, որը հատկապես քննադատում է Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը», - Ֆեյսբուքում այսօր արձագանքում էր ընդդիմադիր առաջնորդ Խաթիա Դեկանոիձեն։

Ընդդիմադիրները դեռևս չեն հստակեցնում իրենց թեկնածուների անունները նախագահի պաշտոնում, որի ընտրությունն առաջին տեղի կունենա ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ ընտրիչների կոլեգիայի կողմից, որը բաղկացած է 300 անդամներից։ Դեկտեմբերի 14-ին խիստ սահմանափակ լիազորություններով օժտված նախագահին ընտրող կոլեգիայի կազմում են լինելու խորհրդարանի 150 անդամները, Աջարիայի Գերագույն խորհրդի և Աբխազիայի վտարանդի խորհրդարանի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

XS
SM
MD
LG