Վերջին օրերին Թբիլիսիում, բողոքի ակցիաների ժամանակ, 224 մարդ է բերման ենթարկվել վարչական իրավախախտումների՝ մանր խուլիգանության, ոստիկանական պահանջներին չենթարկվելու, դիմադրություն ցույց տալու համար, հաղորդում է երկրի Ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ-ն նաև նշում է, որ այսօր քրեական մեղադրանքով երկու քաղաքացի է ձերբակալվել: Նրանց դեմ հարուցված գործով նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը յոթ տարի ժամկետով։ Թե ստույգ ինչ հոդվածով է գործը հարուցվել, ՆԳՆ-ն չի մանրամասնում։ Սակայն նշվում է, որ ընդհանուր առմամբ, Թբիլիսիում վերջին օրերին տեղի ունեցած ցույցերի ժամանակ երեք մարդ է ձերբակալվել՝ Վրաստանի Քրեական օրենսգիրքը խախտելու՝ հրկիզման եղանակով գույքային վնաս պատճառելու, ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների վրա հարձակվելու համար։
ՆԳՆ-ն հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան «հանրահավաքի մասնակիցների ապօրինի և բռնի գործողությունների արդյունքում 21 ՆԳՆ աշխատակից է տուժել է»։ Ընդհանուր առմամբ, վերջին գործողությունների ընթացքում ՆԳՆ 113 աշխատակից է տուժել։
Երկրում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում են ցույցերը։ Քաղաքացիներին փողոց է դուրս բերել Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու իշխանությունների որոշումը։ Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։