Հայաստանի կառավարությունն առայժմ չի պարզաբանում, թե ինչ է ենթադրում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմը, որը ստեղծելու առաջարկը Բաքվին արել է վարչապետ Փաշինյանը։
Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին պարբերաբար մեղադրում է հրադադարի խախտումների համար։ Այս պնդումները հերքում են թե՛ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին դիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը:
«Սա իսկապես կարող է աշխատել։ Մանավանդ, որ երկու կողմն էլ հայտարարում են, որ սադրանքների, էսկալացիայի գնալը մեր քաղաքական կամքը չէ», - Կապանում հայտարարել էր վարչապետը։
Այս հայտարարությունից մեկ շաբաթ անց պաշտոնական Բաքվից առայժմ հրապարակային արձագանք չկա։ Երկու օր առաջ վարչապետի աշխատակազմը Բաքվի հերթական մեղադրանքից հետո կրկին հիշեցրեց այս մասին՝ առաջարկելով մեկնարկել այդ մեխանիզմի գործնականացման աշխատանքները։ Կառավարությունից այլ մանրամասներ չեն հաղորդում՝ ընդգծելով՝ նորություն լինելու դեպքում պաշտոնական հայտարարություն կլինի։
Կլաարը ողջունել է Երևանի առաջարկը
Փաշինյանի առաջարկն արդեն ողջունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Լարվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումներ հասցեագրելու երկկողմ մեխանիզմ հաստատելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունել», - X սոցիալական ցանցում գրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կլաարը ողջունում է հրադադարի խախտումների քննության երկկողմ մեխանիզմի Հայաստանի առաջարկըԱդրբեջանը որոշակի գործընթացների հիմք է նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան
Ընդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ այդուհանդերձ, որպես կանոն այս գաղափարն ակտիվանում է այն ժամանակ, երբ առաջնագծում լարվածություն է ուրվագծվում։
«Այս փուլում դրա առաջ բերելը կարող է պայմանավորված լինել նրանով, որ առաջնագծում կան որոշակի զարգացումներ, առաջին հերթին քաղաքական մակարդակում, որը կարող է որևէ փուլում փոխանցվել նաև առաջնագծին», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը՝ շարունակելով, - «Դա, կարծում եմ, կապված է նաև Արտգործնախարարության այն հայտարարության հետ, որը կապված էր նոյեմբերին Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասով։ Օրինակ՝ վերջին 15 օրերի ընթացքում Ադրբեջանը որոշակի դադարով, բայց շարք է ներկայացնում հրադադարի ռեժիմի խախտումների, ես համոզված եմ, որ դրանք կեղծ են, սա արդեն նշանակում է, որ Ադրբեջանը որոշակի գործընթացների հիմք է նախապատրաստում, դա միանգամից կարող է չդիտարկվել որպես ռազմական գործողություններ, շատ ավելի քննարկելի են բանակցային գործընթացում Ադրբեջանի մղումները, այս դեպքում ճնշումներ գործընթացի մեջ մտնելու, և ինչու չէ նաև որոշակի շանտաժի դիմելու առումով։
Համենայն դեպս, իրավիճակը նվազագույնը բավականին մատհոգիչ է, և պետք է հասկանալ, թե իրականում սրա տակ ինչ է թաքնված»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացումը
Երևանի առաջարկը Բաքվից հնչող սպառնալիքները կանխելու նպատակ ունի. Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ևս կարծում է, որ Երևանի առաջարկը Բաքվից հնչող սպառնալիքները կանխելու նպատակ ունի։
«Գործնական լայն քաղաքականության իմաստով Ադրբեջանը շարունակելու է ապավինել ուժին և շարունակելու է նվազագույնը այդ ուժին ապավինելով իր շանտաժի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։ Ես կարծում եմ նաև, որ Երևանը այդ առնչությամբ թերևս պատրանքներ էլ չունի, պարզապես շատ մեծ դիվանագիտական գործիքակազմ չտնօրինելով՝ այսպիսի առաջարկներ է փորձում անել՝ ստեղծելու համար այնպիսի մթնոլորտ, միջավայր, որտեղ երևա Երևանի կառուցողականությունը, և դրսևորվի Բաքվի ապակառուցողականությունը։ Նույնիսկ համաձայնելու դեպքում չեմ կարծում, թե Բաքուն ավելի խորը, ագրեսիվ մտադրություն ունենալու դեպքում կաշկանդվի այդ մեխանիզմի առկայությամբ», - ասաց նա։
Հայ-ադրբեջանական սահմանի մոնիտորինգ իրականացնող Եվրամիության դիտորդական առաքելության գործը չէ՞ արդյոք արձագանքել հրադադարի խախտման դեպքերին, հարց է բարձրացնում քաղաքական մեկնաբանը՝ ընդգծելով սա անուղղակի ակնարկ է նաև եվրադիտորդներին. - «Այս տեսանկյունից առաջարկը մեխանիզմի պարզապես նաև վկայում է այս թերահավատության մասին»։
Հրադադարի խախտումների մասին Բաքվի մեղադրանքների ֆոնին է հայկական կողմը սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության պատրաստակամություն հայտնում։ Սա նոր բան չէ, տարբեր ժամանակներում նման մեխանիզմ ստեղծելու հայտարարություններ էլի են եղել, մինչև 44-օրյա պատերազմը ԵԱՀԿ ՄԽ-ի, ՄԱԿ-ի ԱԽ կողմից, պատերազմից հետո էլ Հայաստանի ԱԱԾ-ից է առաջարկ հնչել, Փաշինյանը նաև ՊՆ-ին էր հանձնարարել ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը։ Արդյոք այդ ուղիղ կապը օգտագործվել է, թե ոչ՝ կողմերը հրապարակային այս մասին չեն խոսել։