Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները, ասված է Կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ, նշում է Կառավարությունը՝ շարունակելով. - «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը»:
«Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության և ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները», - ասված է հաղորդագրությունում:
Միայն այսօր Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն արդեն երկու հաղորդագրություն է տարածել հայկական ուժերի կողմից իրենց դիրքերի գնդակոծության մասին, որոնք Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է:
Վերջին օրերին Բաքվի նմանատիպ հաղորդագրությունները, որպես կանոն, հերքել են թե՛ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, թե՛ սահմանին դիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ առաջարկեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։ Որևէ պատասխանի մասին հաղորդագրություն առայժմ չկա: