Երևանը հերքում և ապատեղեկատվություն է որակում հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին Բաքվի հերթական հաղորդումները:
Ադրբեջանի ռազմական գերատեսչության շաբաթ օրը տարածած երկու հաղորդագրությունների համաձայն՝ երեկ ժամը 12։25-15։35-ը և այսօր ժամը 13-ին հրաձգային զենքից գնդակոծվել են իրենց դիրքերը «Քելբաջարի շրջանի Մոլլաբայրամլի բնակավայրի ուղղությամբ»: Ըստ նույն աղբյուրի՝ ադրբեջանական ուժերը «համարժեք պատասխան միջոցներ» են ձեռնարկել:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ այդ հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը:
Վերջին օրերին Բաքվի նմանատիպ հաղորդագրությունները, որպես կանոն, հերքել են թե՛ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, թե՛ սահմանին դիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ առաջարկեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։ Որևէ պատասխանի մասին հաղորդագրություն առայժմ չկա: