Վանաձորի համայնքապետարանն արդեն 4 ամիս իրավունք չունի հող հատկացնել կամ շինթույլտվություն տալ

Վանաձորի քաղաքապետարանը, արխիվ

Վանաձորի համայնքապետարանն արդեն չորս ամիս իրավունք չունի հողամասեր հատկացնել կամ շինարարական թույլտվություն տալ, քանի որ քաղաքը հաստատված հատակագիծ չունի: Այս արգելքը Քաղաքաշինության մասին օրենքում է նշված: Դեռ 2021-ին խոշորացված համայնքները պետք է մինչև այս տարվա հուլիսի 1-ը նոր գլխավոր հատակագծեր ունենային ու դրանցով առաջնորդվեին:

Անցած տարի կառավարությունը մոտ 42 միլիոն դրամ էր հատկացրել Լոռու մարզի չորս գոտիների 63 բնակավայրերի հատակագծերը կազմելու համար: «Ազատության» գրավոր հարցմանը Քաղաքաշինության կոմիտեից պատասխանել են, որ հատակագծերի նախագծերը ներկայացվել են համալիր փորձաքննությունների, ու նաև հանրային լսումներ են տեղի ունեցել: Դրանց հիման վրա լրամշակվել ու դրական եզրակացություն են ստացել:

Նախագծերն արդեն կան: Մյուս համայնքների ավագանիները դրանք արդեն հաստատել են, Վանաձորը՝ ոչ: Ինչո՞ւ Վանաձորի ավագանին այս հարցով նիստ չի գումարել անցած ամիսներին, համայնքապետարանից հստակ չեն պատասխանում: Համայնքապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանն ասաց՝ անցած շաբաթ հաջորդ տարվա բյուջեի մասին հանրային լսումներ էին, ավելի վաղ էլ սուբվենցիոն ծրագրերն են քննարկել, ու առաջիկայում թե՛ բյուջեի, թե՛ սուբվենցիոն ծրագրերի ու թե՛ գլխավոր հատակագծի հաստատման օրակարգով ավագանին արտահերթ նիստ կհրավիրի:

«Անցած տարի էլ ավագանու նիստը արտահերթ կերպով կատարվել է, այս տարի էլ կհրավիրվի, կկայանա, թե չէ՝ արդեն կտեսենք հրավիրելուց հետ: Բայց այն, որ մինչև տարեվերջ կհրավիրվի, այո, անպայման նիստ կհրավիրվի», - նշեց Ավետիքյանը:

Մինչդեռ Վանաձորում գործող «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությանը հասած տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի կառույցը մտավախություն ունի, որ նիստին քվորում չեն կարող ապահովել, քանի որ խմբակցության որոշ անդամներ տարաձայնություններ ունեն:

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Դեռ մեկ շաբաթ առաջ հորդորել էին հարցերը գրավոր ուղարկել: Ուղարկել ենք, բայց այդպես էլ չեն արձագանքել։ Հարցրել էինք՝ ինչո՞ւ արդեն կես տարի ավագանու որևէ նիստ տեղի չի ունեցել։ Արդյոք եղե՞լ են նախաձեռնություններ։

Ավագանու նախորդ նիստի ժամանակ ՔՊ-ական անդամները տարակուսանք էին հայտնել, թե ինչո՞ւ ավագանուն են ներկայացվում միանգամից մի քանի հարյուր հողային գործարքներ հաստատելու նախագծեր, ու պնդել էին, թե դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողություն հնարավոր չէ իրականացնել։ «Ազատություն»-ը խմբակցությունից հետաքրքրվել էր՝ արդյոք անցած ամիսներին այդ կասկածները փարատվե՞լ են, թե՞ ավելի են խորացել, մանավանդ որ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը երկուսուկես ամիս առաջ հենց կոռուպցիոն գործարքների համար կալանավորվեց:

Թե ինչու օրենքով սահմանված ժամկետում գրավոր հարցմանը չեն պատասխանել, այսօր էլ հնարավոր չեղավ պարզել: Հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Ավելի վաղ վարչապետի խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, որ կուսակցության տեղի կառույցի ղեկավարն է, «Ազատությանն» ասել էր, թե ավագանու նիստ ձեռնարկելու որևէ դժվարություն չունեն, տարաձայնություններ՝ նույնպես, կոռուպցիոն չարաշահումների մասին էլ կասկածներ չունեն:

«Եթե չեմ սխալվում, վերջին նիստը մայիսի 13-ին է տեղի ունեցել, կարծում եմ, որ առաջիկայում էլ պիտի նիստ լինի, բայց թե երբ կլինի՝ ժամկետներ չեմ կարող նշել», - ասել էր Խաչատրյանը:

Վանաձորի ավագանու վերջին՝ մայիսի 13-ին կայացած նիստում ընդունվել էին հիմնականում հարցեր՝ կապված հողերի օտարումների կամ դրանց նպատակային նշանակության փոփոխության հետ: Ընդամենը երկու շաբաթ ժամանակ կա նաև հաջորդ տարվա բյուջեի հաստատման համար: Արդյոք հնարավոր կլինի նիստ գումարել այս կարճ ժամանակում, հայտնի չէ: