Մատչելիության հղումներ

«Եթե մարմարից ասֆալտ անեն, չի պահի, ջրահեռացում չկա». Վանաձորի Երկաթուղայինների փողոցի բնակիչները բողոքում են


Վանաձորի Երկաթուղայինների փողոցի բնակիչները դժգոհում են՝ սարերից իջնող ջուրը տան բակերով է անցնում, երբեմնի ասֆալտից արդեն հետք չի մնացել, ջրերը քշել-տարել են։

Փողոցի վրա հիմնականում առանձնատներ են։ Մոտ 75 բնակիչ է ապրում։ Հերթական վարար անձրևներից միայն մի քանի օր անց են մի կողմ դրել ջրային կոշիկները։ Ասում են՝ իրենց փողոցով անձրևներին միշտ են գետեր հոսել, խնդիրն իրենք իրենց նախաձեռնությամբ ինչ-որ կերպ լուծել էին։

«Նախկինում արել էինք փոքր թումբիկներ, ջուրը չի եկել», - ասաց բնակիչներից մեկը:

Բայց անցած տարի Երկաթուղայինների հետ հատվող, քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի՝ Դեմիրճյանի մեկ միլիարդ դրամանոց շինարարությունից հետո հոսքն ավելի է մեծացել։ Թանկարժեք ճանապարհաշինությունից հետո պետք է որ ջրահեռացման նոր համակարգն ավելի լավ գործեր, անձրևաջրերն իրենց չհասնեին, բայց հակառակը՝ շինարարության ավարտից հետո խնդիրներն ավելացել են։

Անցած տարի Դեմիրճյան փողոցը վերանորոգվեց կառավարության միջոցներով։ Մեկ միլիարդ դրամով նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող ընկերությունը հիմնանորոգեց այն։

Այսօր Ճանապարհային դեպարտամենտից ասացին` շինարարությունն ընդունված է, աշխատանքը, այդ թվում՝ ջրահեռացման համակարգի կառուցումն իրականացվել է նախագծի համաձայն՝ առանց շեղումների։ Ջրահեռացման համակարգի հետագա սպասարկումն, արդեն, համայնքապետարանի գործն է, նշեցին դեպարտամենտից։

Բնակիչները նամակով դիմել են համայնքապետարան, խնդրել՝ լուծել իրենց փողոց անարգել լցվող ջրերի հարցը։ Պատասխան են ստացել, թե այս տարի փողոցների ասֆալտապատման ծրագրերն ավարտվել են, սպասեք՝ հետո։

Մինչդեռ մարդիկ շեշտում են՝ ասֆալտն իրենց խնդիրն ամենևին չի լուծի, տներ հասնող անձրևաջրերի ճամփան է պետք փակել։

«Եթե մարմարից ասֆալտեն, չի պահի, որովհետև ջրահեռացում չկա, ջրահեռացումը ոչ թե էս փողոցի համար է, այլ մենք ասում ենք՝ ստեղ ջուր է լցվում, ջուրը լցվում է փողոցից, սարերից գալիս լցվում է ստեղ: Մենք ուզում ենք ասֆալտ լինի, բայց մեկ է անեն էլ օգուտ չունի», - ասաց բնակիչներից Ստեփան Ավոյանը:

Այսօր Վանաձորի համայնքապետարանից «Ազատությանն» այդպես էլ չհաջողվեց պարզել՝ երբ են վերջին անգամ մաքրվել նորակառույց Դեմիրճյան փողոցի անձրևատար դիտահորերը։ Մինչ այդ Երկաթուղայինների փողոցում հեգնում են՝ ջրափոսերում անգամ ձուկ կարող են պահել, հոսող գետերի վրա՝ նավակ քշել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG