Վանաձորի մի քանի թաղամասեր իրար կապող Ներսիսյան փողոցի արդեն երկու տարի ձգվող հիմնանորոգումը դեռ անավարտ է։ Մայթերը տեղ-տեղ ասֆալտապատ չեն, եզրաքարերն անհարթ, ընդամենն օրեր առաջ արված ասֆալտը ճաքեր ունի։
Կառավարությունն ուշացած ծրագրի համար դեռ անցած տարեվերջին նոր վերջնաժամկետ է սահմանել՝ մինչև այս նոյեմբերի 1-ը։ Արդյոք առաջիկա 20 օրում փողոցը վերջնական տեսքի կբերվի՞։ Վանաձորում համայնքապետարանի գործունեությունը ուսումնասիրող իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը թերահավատ է։
«Տնտեսվարողը, որը պարտավոր էր որակյալ աշխատանք իրականացնել, չիրականացրեց և այս ընթացքում փորձեց ուղղակի ինչ-որ ձև փակել թեման, որպեսզի երևի թե չընկնի սև ցուցակ: Իսկ համայքապետարանն այս դեպքում ունի պարտավորություն, գալ, արձանագրել ու թերությունների մասին տեղեկացնել: Այսինքն՝ եթե թերությունները չի վերացնում, հստակ ժամանակացույցում պարտավոր է վարչական վարույթ իրականացնել, հետո տվյալ տնտեսվարողին գցել սև ցուցակ, որը փաստացի մեկ տարվա ընթացքում չի արել», - ասաց Քոթանջյանը:
Դեռ երկու տարի առաջ 1.2 կիլոմետրանոց Ներսիսյան փողոցի հիմնանորոգման համար համայնքն ու պետությունը 350 միլիոն դրամ են նախատեսել։ Երեք անգամ հետաձգվել է շինարարության ժամկետը, մեկ անգամ՝ ավելացվել գումարը։ Ամիսներ շարունակ ճանապարհը դժվարանցանելի էր, բնակիչները բողոքում էին, 2023-ի ամռանն այստեղով անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անցել ու խոստացել, որ մինչև սեպտեմբեր կավարտվի շինարարությունը։ Դրանից արդեն մեկ տարի է անցել, բայց շինարարություն էլի անավարտ է։
Շինարարական «Նեմրութ» կազմակերպության տնօրեն Նարեկ Անանյանն «Ազատության»-ն ասաց՝ ջրահեղացման համակարգի համար խոր փոսեր են փորել, ճանապարհը նստվածք է տվել, ստիպված են եղել երկար սպասել հետագայում նոր խնդիրներից խուսափելու համար։
«Ինչքան նստելու էր նստեց, մենք հետո բերեցինք նորից տրամբովկա արեցինք, էս կողմ, էն կողմ, հիմա արդեն էլ հաստատ չի նստի էդ փողոցը», - նշեց Անանյանը:
Լոռու մարզպետարանից հաստատում են՝ մարզում նախորդ տարիներից հետաձգված ու այս պահին ընթացքի մեջ գտնվող 16 սուբվենցիոն ծրագրերի, այդ թվում՝ Ներսիսյան փողոցի շինարարության դեպքում թերություններ են տեսել։ Աշխատանքները չեն ընդունի և գումարի կառավարության 40 տոկոս մասնաբաժինը չեն վճարի, քանի դեռ թերությունները վերացված չեն։
«Բոլոր դեպքերում կապալառու կազմակերպություններին հորդորվել է վերացնել թերությունները՝ ընդհուպ մինչև կառուցածն ապամոնտաժելու և նորից կառուցելու պայմանով», - «Ազատության»-ն ասաց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռուբեն Մարգարյանը։
Ներսիսյան փողոցի օրեր առաջ արված ասֆալտի վերջնական շերտն էլ աշխատանքի թերությունները չի ծածկել։
Մինչդեռ շինարար՝ «Նեմրութ» ընկերության տնօրենը պնդում է՝ ասֆալտը թերություններ չունի, 10 տարի կծառայի։ Ըստ նրա, եզրաքարերի հետ կապված փոքր խնդիրներ կան միայն, որոնք մի քանի օրվա ընթացքում կվերացնեն։
Ինչո՞ւ անցած մեկ տարում համայնքապետարանը թանկարժեք հիմնանորոգման ձգձգումների ու թերությունների վրա աչք է փակել։ Ինչո՞ւ է Լոռու մարզպետարանը նկատել «Նեմրութ» ընկերության բացթողումները, աշխատանքի պատվիրատու Վանաձորի համայնքապետարանը՝ ոչ։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը կասկածներ ունի։
«Առնվազն այս անգործությունը, որը ցուցաբերվել է, մեկ տարվա ընթացքում որևիցե արձանագրում չի եղել, ակնհայտ է, որ ինչ-որ բանավոր համաձայնություն ունեն: Թե ինչի համար ու ինչի է համայնքը հաշտվում նրա հետ, որ պետք է համայնքի բնակիչները և հենց համայնքը կրի վնաս, հասկանալի չի: Ենթադրում եմ, որ կարող է լինել, օրինակ, ատկատներ, բայց դա, իհարկե, զուտ ճարտարապետի խնդիրը չի, որովհետև տույժ սահմանողը համայնքի ղեկավարն է», - նշեց Քոթանջյանը:
Շինարարական մրցույթում հաղթած ընկերության՝ «Նեմրութ»-ի տնօրեն Նարեկ Անանյանը շեշտում է՝ բաց մրցույթ է եղել, էժան գին են առաջարկել ու միակ մրցակցին հաղթել։ Միաժամանակ, չի հերքում, համայնքապետարանի քաղաքաշինության բաժինը 7 տարի ղեկավարած պետի՝ Սուրեն Աբովյանի կուրսընկերն է։ Արդեն մեկ ամիս կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված բաժնի պետի ֆեյսբուքյան էջում նաև բազմաթիվ ընտանեկան լուսանկարներ կան Անանյանի եղբոր, մրցույթում հաղթած «Նեմրութ» ընկերության համահիմնադիր Սուրեն Անանյանի հետ։
«Ազատություն»-ն օրեր առաջ բացահայտել էր, որ Վանաձորում իրականացվող բոլոր շինարարական ծրագրերի մրցութային հանձնաժողովի 6 անդամից առնվազն 5-ը համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցներ են, այսինքն կալանավորված քաղաքաշինության բաժնի պետի ենթակաները։ իսկ Ներսիսյան փողոցի բնակիչները, չնայած շինարարության թերություններին ու ձգձգումներին, եղածից էլ գոհ են։