Մատչելիության հղումներ

Վանաձորի համայնքապետարանը պահանջել է տնկել «Բազում» թաղամասի պուրակի խոստացված ծառերը


Վանաձորի համայնքապետարանը «Բազում» թաղամասում այգի կառուցած «Բլեք Սթոն» ընկերությունից պահանջել է տնկել պայմանագրով նախատեսված 38 տույաները, 10 եղևնիները, 20 դեկորատիվ ծառերն ու 30 թանկարժեք թփերը, որ դեռ գարնանը պետք է տնկված լինեին։

Շինարարությունն իրականացրած ընկերության սեփականատեր Հակոբ Սեփխանյանը հրաժարվեց հարցազրույցից, բայց ասաց՝ բանավոր պայմանավորվել են՝ մինչև նոյեմբեր այգում տնկված կլինեն թանկարժեք ծառերն ու թփերը։ Միաժամանակ պնդեց՝ կանաչապատումն էլ, բոլոր 9 նստարաններն էլ գարնանը տեղադրված են եղել։

Մոտ 75 միլիոն դրամով հիմնանորոգված «Բազում» թաղամասի հրապարակի ու հարակից այգու կառուցման պայմանագրերում 1,5 միլիոն դրամով կանաչապատում էր նախատեսված։ Բայց դեռ անցած ամիս էր «Ազատությունը» պատմել, որ այգում փուշն է աչք ծակում՝ հարուստ բուսականության փոխարեն։ Պայմանագրում նշված 3 նստարանները ևս բացակայում են։

Գարնանը Համբարձումյանի անվան հրապարակում մեծ հանդիսավորությամբ բացում էին արել, խոստումներ հնչեցրել, թե այս շինարարությունից հետո այգին զբոսաշրջիկների է գրավելու։ Այն ժամանակ ելույթ ունեցած համայնքապետի պաշտոնակատարը խոսք անգամ չէր ասել, որ թերի աշխատանքներ կան, կամ, որ գործը դեռ ավարտված չէ։

Այսօր մեզ հետ զրույցում շինարարության տեխնիկական վերահսկող «Լիլ-Ռուզ» ընկերության Լիլիթ անունով ներկայացած աշխատակիցը ևս պնդեց, թե Վանաձորում իրենց կողմից վերահսկվող բոլոր ծրագրերն ավարտված են, այստեղ այլևս անելիք չունեն։

Մինչդեռ համայնքապետարանն առանց պարզաբանելու, թե ինչո՞ւ մեկուկես միլիոն դրամի բուսականությունը այգում ժամանակին չի տնկվել, կամ, թե ինչո՞ւ 9 նոր նստարանների փոխարեն 6-ն են, ասում են՝ կլինեն։ Պարզ չէ նաև՝ արդյոք կանաչապատումը կարվե՞ր, եթե խնդիրը չբարձրաձայնվեր։

Մրցույթին մասնակցել ու հաղթել են «Նեմրութ» և «Բլեք Սթոն» ընկերությունները՝ համատեղ կոնսորցիումով։ Համայնքապետարանի սահմանած գնման գնից ուղիղ 10 միլիոն դրամով պակաս գին էին առաջարկել, ամիսներ անց, համայնքապետարանը որոշել էր, որ լրացուցիչ աշխատանքների կարիք կա։ Ընդ որում՝ լրացուցիչ աշխատանքները 10 միլիոն էին գնահատել, հենց այնքան, որքան գնման գործընթացում որպես տնտեսում էին ցույց տվել։

Թե հրապարակի, փողոցի կամ այդպես էլ չկանաչապատված պուրակի ո՞ր մասում էին արվել լրացուցիչ աշխատանքները, պայմանագրից պարզ չէ։ Չկան նաև հիմնավորումներ, թե ինչո՞ւ սկզբնական աշխատանքներում նախատեսված չեն եղել քանդման ու հրապարակի հիմնանորոգման 10 միլիոն դրամանոց աշխատանքները, կամ այդ ի՞նչ լրացուցիչ գործ է առաջացել ընթացքում։ Ոչ պայմանագրում, ոչ էլ համաձայնագրերում որևէ հիմնավորում չկա։

Այդ լրացուցիչ աշխատանքների համար համայնքապետարանը դարձյալ մրցույթ է հայտարարել, բայց գնանշման ընթացակարգով մրցույթին մասնակցել ու հաղթել է միակ ընկերությունը «Ա. Սարգսյան» ՍՊԸ-ն։ Այս կազմակերպությունը գրանցված է Վանաձորի Վարդանանց 19 շենքի 28 բնակարանում։ Հասցեում այսօր դուռը չբացեցին։ Անմիջապես հարևանությամբ՝ 29-րդ բնակարանում է ապրում պուրակի շինարարությունն իրականացրած «Բլեք Սթոն»-ի հիմնադիրը, որ ըստ ռեգիստրի տվյալների 5 տարի առաջ իր ընկերությունը վաճառել է ներկայիս սեփականատեր Հրանտ Սեփխանյանին։ Վերջինս ասաց՝ հասցեի համընկնումը զուտ պատահականություն է։

«Բլեք Սթոն»-ի հետ կոնսորցիումով մրցույթին մասնակցած «Նեմրութ» ընկերությունը Վանաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժինը 8 տարի ղեկավարած Սուրեն Աբովյանի մերձավորների սեփականությունն է։ Աբովյանն այժմ կոռուպցիոն մեղադրանքներով կալանքի տակ է։ Նա մեղադրվում է մեծ չափով կաշառք ստանալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG