Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, կոչ արել չսրել պատերազմն Ուկրաինայում․ The Washington Post

Պուտին-Թրամփ հանդիպում G20-ի շրջանակներում, Համբուրգ, 2017թ․

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայի պատերազմը, նոյեմբերի 10-ին գրել է The Washington Post-ը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրները։

Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցը կայացել է նոյեմբերի 7-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից մեկ օր անց։

Անանուն աղբյուրները The Washington Post-ին ասել են, որ ԱՄՆ նախագահը ռուսաստանցի իր գործընկերոջը կոչ է արել չսրել պատերազմն Ուկրաինայում, ինչպես նաև «պատերազմի շուտափույթ լուծման հարցում» բանակցությունների հետաքրքրություն է հայտնել։

Զանգին ծանոթ աղբյուրները The Washington Post-ին հայտնել են, որ Կիևը տեղեկացված է եղել Պուտինի հետ հեռախոսազանգի մասին և չի առարկել:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաները չեն մեկնաբանել հաղորդումը։

Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ ընտրվելու դեպքում կարող է արագ ավարտել պատերազմն Ուկրաինայում, սակայն քիչ մանրամասներ էր հայտնել։ Պուտինն, իր հերթին, ասել էր, որ այդ մեկնաբանություններն արժանի են ուշադրության՝ հավելելով, որ եթե Թրամփը ցանկանում է վերսկսել շփումները, Ռուսաստանը պատրաստ է քննարկման։

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից մեկ օր անց Պուտինը շնորհավորեց Թրամփին՝ վերահաստատելով իր ավելի վաղ արած հայտարարությունը․ - «Ես արդեն ասել եմ, որ մենք աշխատելու ենք ցանկացած ղեկավարի հետ, ում կվստահեն ամերիկացիները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ասել է՝ պատերազմն Ուկրաինայում վերջ դնելու ծրագրեր ունի, սակայն դրանք չի բացահայտում